«Այն ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ նկատմամբ ու իմ կողմնակիցների նկատմամբ, բանականություն ունեցող որևէ մարդ այդ ստահոդ լուրերին չի կարող հավատալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին:
Վանեցյանն ընդգծեց, որ ինչ իրենք արել են ռազմադաշտում, գնահատականը տրվել է ՊԲ հրամանատրության կողմից։
Նա հիշեցրեց՝ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։ ««Դասալիքն իրենք են՝ իրենց ամբողջ կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենց պատճառով պարտվել ենք, իրենց պատճառով կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5 հազարից ավելի զոհվածներ, 10 հազարից ավելի վիրավորներ, անվտանգային խարխլված համակարգ, ահագնացող տնտեսական ճգնաժամ, արտաքին գործընկերների հետ վատ հարաբերություններ։ Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, ես ասացի, որ նրա նշանակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը, եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, սազական չէ տղամարդուն»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանի խոսքով ինքն ու իր ջոկատը մարտնչել են ամենաթեժ ու դժվար տեղերում։
Նրա նշեց, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ում հանձնարարված էր Շոշ գյուղի հատվածի պաշտպանությունը, որտեղ էլ իրենք իրականացրել են իրենց հերթապահությունը, մասնակցել մարտական գործողություններին, խոսել է, խոսել է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

