Անցնող շաբաթվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ: Տարածված հաղորդագրությունները տեղեկացնում էին, որ հանդիպումների քննարկման հիմնական թեմաները եղել են գերիների փոխանակման հարցը, տնտեսության զարգացման հեռանկարներն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել դաշինքով:
ArmDaily.am-ը կապ հաստատեց վարչապետի հետ հանդիպած մի շարք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, արդյո՞ք դաշինքով առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Մեզ հետ զրույցում Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, որ իրենք պատրաստ են աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
«Եթե հնչի նմանատիպ թեզ, ապա Միավորված աշխատանքային կուսակցությունը լրջորեն կքննարկի այդ առաջարկությունը»,- ասաց Արսենյանը:
«Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն ասաց, որ դաշինքով հանդես գալու առաջարկ չի հնչի. «Նախ այդպիսի առաջարկ չի հնչի: Երկրորդն էլ՝ նման առաջարկ հնչելու դեպքում ես չեմ դրա պատասխանը տալու, կուսակցությունն է պատասխանելու՝ այդ ժամանակ էլ պարզ կլինի»:
Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է համոզված,որ նման առաջարկ չի հնչի՝ Սահակյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ չի լինի՝ այդպիսի զգացողություն ունեմ»:
Վերջինս նշեց, որ անպայման մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանն էլ իր հերթին նշեց. «Այս պահին այդ հարցի որևէ քննարկում՝ ուղղակի կամ անուղղակի չկա, ավել բան չեմ կարող ասել: Նման խնդիր մեր օրակարգում այսօր չկա»:
Վերջինս հաստատեց,որ իրենց կուսակցությունը ևս մասնակցելու է արտահերթ խորհրդրանական ընտրություններին:

