Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերում ընդգրկված չեն լինելու ԲԴԽ և Վճռաբեկ դատարանների անդամների վերաբերյալ քվեարկությունները:
Փոխարենը խմբակցություններն ու ՀՀ կառավարությունը քննարկման են ներկայացրել մի շարք նախագծեր:
Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու, դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ քննարկման են ներկայացրել քրեական դատավարության օրենսգրքում, առևտրի և ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների օրենքներում և օրինագծերում լրացումներ ու փոփոխություններ անելու նպատակով ներկայացված նախագծեր:
ՀՀ Կառավարության ներկայացրած նախագծերից են՝ վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության, օպերատիվ-հետախուզական գործունեության, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, պետական տուրքի , կրթության մասին օրենքներում փոփոխություններ ու լրացնումներ կատարելու այս և այլ նախագծեր:

