Ի դեպ. Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին Արցախից տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը։ Հնչել են կրակոցներ Շուշիի ուղղությամբ, հայկական դիրքերի վրա, վիրավորել է հայ զինծառայող: Արցախի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակել որպես իրավիճակի ապակայունացմանն ու ռուսական խաղաղապահ ջանքերի խաթարմանն ուղղված գործողություն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Իհարկե, կարելի է կարծել, որ սա կարող է քաղաքական ենթատեքստ չունենալ, դե՝ հետպատերազմական իրավիճակներում կարող են լինել նաեւ հրադադարի ռեժիմի խախտումներ, իսկ խաղաղապահների առաքելությունը թույլ չտալն է, որպեսզի նման դեպքերը վերաճեն լայնածավալ ռազմական գործողությունների։ Բայց անշուշտ կարելի ու թերեւս հարկավոր է դիտարկել նաեւ այս միջադեպի քաղաքական տողատակերը։ Հնարավոր է, որ այս կրակոցները ակնարկ են այն մասին, որ Բաքուն շարունակելու է այս գործելաոճը, շարունակելու է խախտել հրադադարի փխրուն ռեժիմը, շարունակելու է գերեվարել հայ զինվորներին, ձգձգելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հանձնումը, մինչեւ հասնի հայկական զորքի դուրսբերման իր նպատակին: Բայց սա դեռ ամբողջը չէ։ Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել մոսկովյան հայտնի եռակողմ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել են արցախում ու տարածաշրջանում հետագա զարգացումներին, այդ թվում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Այստեղ պետք է շեշտադրել հենց հանդիպման եռակողմ ֆորմատը։ Իսկ գուցե ֆորմատի եռակողմ լինելն է, որ դուր չի եկել չորրորդ կողմին։Խոսքը բնականաբար Թուրքիայի մասին է։ Թուրքիան, ըստ էության իրեն տեղավորել է հայ-ադրբեջանական հակամարտության տիրութում, ամեն ինչ արել է Ադրբեջանի ռազմական հաջողության համար, իսկ ահա հետպատերազմական կարգավորման հարցերում Ռուսաստանը կարծես գործում է միայնակ, թուլացնելով թուրքական գործոնը, կամ գուցե փորձելով սահուն կերպով խաղից դուրս թողնել Թուրքիային։ Ասում եմ սահուն կերպով, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկեր Էրդողանին ամեն դեպքում ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների մանրամասները։ Հատկանշական է նաեւ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանն ու Թուրքիան, ապահովելով հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը, աշխարհին ցույց կտան ռուս-թուրքական գործընկերության արդյունավետությունը:Սա այլ բան չէ, քան ակնարկ, կամ եթե կուզեք՝ շանտաժ Ռուսաստանին, որ հայ- ադրբեջանական խաղաղ համակեցությունը հնարավոր չէ ապահովել առանց Թուրքիայի։Ռազմական գործողությունները դադարել են, սակայն ուժերի ստուգատեսը շարունակվում է։