Ի դեպ. Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին
ADTVԻ դեպ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց առաջադրել Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։ Այս մասին Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։Այս որոշումը հանրային բավական նկատելի հետաքրքրություն առաջացրեց, եւ դա պայմանավորված է ոչ թե պաշտոնի բարձրության աստիճանով, այլ թեկնածուի անուն ազգանունով։գաղտնիք չէ, որ Ջհանգիրյանի անվան ու նախընթաց տարիների գործունեության հետ կապված ահագին աղմկահարույց իրադարձություններ են ասոցացվում, մասնավորապես հանցագործությունների կոծկում, կեղծարարության ներմուծում ընտրական համակարգ, շատերը դեռ հիշում են Մատաղիսի հայտնի գործը եւ այլն եւ այսպես շարունակ։ Կա նաեւ տարիքի խնդիրը։ Բանն այն է, որ ԲԴԽ անդամի գիտնական թեկնածուին ներկայացվում են նույն պահանջները, ինչը դատավորներին, այդ թվում՝ տարիքային ցենզը մինչեւ 65 տարեկան։
Ինքը, ԲԴԽ անդամի թեկնածուն, իհարկե այս ամենի պատասխանն ունի։ Նա վկայակոչում է Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածը, որտեղ տարիքային սահմանափակումը լիազորությունները դադարեցնելու հիմք չէ եւ օրինակ բերում Գագիկ Հարությունյանին, ով 70 տարեկանում դարձավ ԲԴԽ նախագահ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ ինքը չի կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել, Ջհանգիրյանն ասում է՝ «ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները։
Ջհանգիրյանի թեկնածության հետ կապված մտահոգություններին անդրադարձել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։Լիլիթ Մակունցն ասել է, թե խմբակցությունը Ջհանգիրյանին համարում է իր ոլորտի պրոֆեսիոնալ և սա առաջանային դերակատարում է ունեցել։ «Իհարկե այն բոլոր հարցերը՝ կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների հետ, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են և խմբակցության տպավորությունը այդ առումով եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ։ Ես կարծում եմ, որ արդեն լիագումար նիստերի դահլիճում նաև հանրությունը հնարավորություն կունենա բոլոր այդ հարցերի, այդ թվում՝ և Մատաղիսի գործի հետ կապված, և այլ թեմաներով ներկայացնել իր պազաբանումները, դիտարկումները, իր տեսակետները»,-նշել է Լիլիթ Մակունցը։Իսկ քաղաքագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ Գագիկ Ջհանգիրյանին գործուղում են Բարձրագույն Դատական Խորհուրդ` դատական համակարգը կառավարելու և իշխանության որոշումները դակել տալու համար։ Հարցը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում։