Ի դեպ. ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի ու քաղաքական պայքարի մասին
Ի դեպԻ դեպ. այսօր բավական լարված իրավիճակ էր ստեղծվել ԱԺ մուտքի մոտ։ Մի խումբ քաղաքացիներ, վստահաբար «Հայրենիքի փրկության շարժում» միավորման անդամներ կամ համակիրներ, հավաքվել էին խորհրդարանի մուտքերի մոտ՝ այսպես ասած «ամոթի պատ»էին կազմել «Իմ քայլը» խմբակցությհան պատգամավորների համար:
Նրանցից ոմանք հավկիթներով էին դիմավորում խորհրդարան եկող պատգամավորներին։ Ստեղծված իրավիճակում բնականաբար անհնար էր զերծ մնալ միջադեպերից։ Միջադեպերի էպիկենտրոնում հայտնվեցին իմքայլական պատգամավորներ Արդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանն ու ուրիշներ։ Շարժման հաղորդագրության մեջ ասվում է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, վերջիններս հավկիթներ են նետել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվելով ակցիայի մասնակիցների վրա։ Եւ որ ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք: Կառավարող կուսակցության պատգամավորներն էլ ասում են, որ նախահարձակ են եղել ակցիայի մասնակիցները, իսկ իրենց այլ բան չէր մնում, քան ինքնապաշտպանվելը։
Այո, իմ հասցեին եղել են հայհոյանքներ, ես էլ տվել եմ պատասխան, մասնավորապես ասել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։Իշխանական պատգամավորների գնահատմամբ, ինչի մասին հայտարարվեց արդեն ԱԺ դահլիճում, տեղի ունեցածը սադրանք է` ուղղված պետական ինստիտուտի դեմ,որի պատճառը անպատժելիության մթնոլորտն է: Եղան նաեւ ավելի կոշտ գնահատականներ՝ դա ոչ թե սադրանք էր, այլ հանցագործություն։ Ոստիկանությունն էլ հաղորդեց, որ «ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերով ոստիկանության Արաբկիրի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում կան բերման ենթարկվածներ։ Կատարվում է քննություն։
Ինչեւէ. Թե ով է նախահարձակ եղել, ում գործողություններն են անցել օրենքով նախանշված սահմանները, հուսանք, կպարզեն իրավապահները։ Բայց խնդիրը այսօր արձանագրված միջադեպը չէ։ Խնդիրն այն է, որ պայմանականորեն ասած՝ «փողոցի» ընդդիմությունն ու կառավարող կուսակցությունը տարբեր մոտեցումներ ունեն ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ։Երկու կողմն էլ գիտակցում են, որ հարցն ի վերջո լուծվելու է արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Իշխանությունն հրավիրում է խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությանը այս հարցով քննարկումների, շարժումը պնդում է վարչապետի հրաժարականի պահանջը՝ փորձելով թեժ պահել փողոցը, հայտարարելով, թե ամեն օր է քաղաքն այս վիճակում լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։ Նյարդային պայքարը շարունակվում է, իսկ ժամանակը չի աշխատում ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ էլ առավել եւս պետության օգտին։