Պատերազմում զոհված Վահան Բուդոյանը 19 տարեկան էր՝ Վարդենիս քաղաքից։
«Դեռ մանկուց զբաղվում էր կարատե մարզաձևով և աչքի էր ընկնում իր ճարպիկ, արագաշարժ ու կամային հատկանիշներով։ 15 տարեկանից աշխատում էր, սեփական գումարը վաստակում ու օգնում ընտանիքին»,- ArmDaily.am-ի հետ զրույցում պատմում է Վահանի մորեղբոր տղան՝ Տարոնը։
Տարոնի խոսքով՝ Վահանը ընտանիքի անդամների հետ նախքան բանակ գնալը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն. «Սակայն Վահանի կարևորագույն ու միակ նպատակը սեփական հայրենիք վերադառնալ ու ծառայել էր ՀՀ բանակում: Ասում էր գնամ ծառայեմ, որ ազատ մուտք ունենամ Հայրենիքում։ Վահանը բանակ զորակոչվելուց հետո շատ արագ հարմարվեց բանակային կյանքին ու մեկ տարի հետո տանկի հրամանատար էր դարձել։ Ուներ երեք քույր, ամուսնացած չէր ու ընտանիքի միակ արու զավակն էր: Մորական տատիկի Լուսակունք գյուղում մի աղջկա էր հավանել ու դրա մասին տեղյակ էր պահել միայն տատիկին, սակայն պլանավորել էր գնալ ծառայել և հետ գալ, նոր մտածել այդ ուղղությամբ»:
Ծառայակից ընկերները և սպաները պատմում էին, որ Վահանը շատ էր սիրում իր տանկը ու անընդհատ հետևում էր տանկի մաքրությանը, տեխնիկական կայունությանը և հրամանատարների ու զինընկերների կողմից շատ սիրված էր։ Ու երբ պատերազմի օրերին խոցել էին իր տանկը, շատ էր տխրել ու դրա մասին պատմել էր քեռու տղային, նշելով՝ «թարլան տանկս խփեցին»։ Հրամանատարները ու ընկերները նրան դիմում էին «Յախշ» մականվամբ: Պատերազմի օրերին վստահ էր իր ու ընկերների ուժի վրա։ Չկոտրվող ու պայքարող իր տեսակով հույս էր տալիս ընկերներին ու հարազատներին:
Եղբայրը պատմում է, որ ամեն անգամ, երբ մայրիկի հետ էր խոսում, նշում էր՝ «Մամ ջան մենք բա ինչի համար ենք էստեղ, դուք մի տխրեք, մենք սարի պես կանգնած ենք». «Վերջին անգամ զանգել է տատիկին՝ հոկտեմբերի 17-ին ու ասել, որ մի քանի օր կապ չի լինելու: Դա եղել է նրա վերջին զանգը ու համարվում էր անհետ կորած: Ծառայում էր Կուբաթլույում, հետո պատերազմի ընթացքում տեղափոխվել է Ջաբրայիլ։ 7 ընկերով դուրս են եկել մարտի դաշտ` Ջաբրայիլի լեռներում ու 7 էլ անհետ կորել: Պատմում են որ երբ նահանջ է եղել, նա չի նահանջել, մնացել ու փորձել է օգնել վիրավոր ընկերներին ու ինքն էլ զոհվել նրանց հետ միասին: Նրանց բոլորին էլ հայտնաբերեցին: Վահանի զինգրքույկի մեջ դրված էր ու պահպանված է եղել մի փոքր խաչ, որը միշտ կրում էր իր հետ»։

