Ի դեպ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի եւ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին
ADTVԻ դեպ, բոլորի ուշադրության կենտրում այսօր Հայաստանի հարավն էր։ Վարչապետի հայտարարությունը Սյունիք այցելելու մասին, բավական լարել էր իրավիճակը։ Ու թեեւ վարչապետը հայտարարել էր, որ Սյունիք է մեկնում սյունեցիների մտահոգություննեը լսելու, նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով հարցերին պատասխանելու եւ ի վերջո այդ մտահոգությունները փարատելու համար, սյունեցիներն այնքան էլ տրամադրված չէին լսելու վարչապետի խոսքը։ Ճիշտ է, մի հանդիպում կայացավ Սիսիանում, նույնիսկ սեղան բացվեց վարչապետի պատվին, սակայն Գորիս, Կապան, Մեղրի տանող ճանապարհները փակ էին։ Սյունեցիները փակել էին ճանապարհները, իսկ վարչապետը, իր խոսքով ասած՝ որոշեց սգի օրով ուժային գործողությունների չդիմել ու հետ վերադարձավ Երեւան։ Սիսիանում կայացած հանդիպումը, որտեղ գերազանցապես վարչապետի կողմնակիցներն էին, վարչապետին բերել էր այն համոզման, որ ճանապարհները փակել են, որպեսզի ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։
Ինչեւէ. Վարչապետի այցը Սյունիք հարթ չանցավ, մի շարք ճանապարհներ փակ էին, միջադեպ գրանցվեց եկեղեցու սպասավորի հետ կապված, երբ վերջինս չկամեցավ բարեւել վարչապետին, հետո էլ վարչապետի կողմնակիցներն ուղեւորվեցին եկեղեցի՝ հոգեւորականից հաշիվ պահանջելու, մինչ այդ ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետը եւ այլն եւ այսպես շարունակ։ Մեծ հաշվով Սյունիքում ստեղծված իրավիճակը երկու հարթություններում պետք է դիտարկել՝ հայաստանյան ներքաղաքական ու ռեգիոնալ անվտանգային։ Եռակողմ հայտարարությունից հետո, վարչապետը որոշակի ժամանակահատված մնալով պայմանականորեն ասած մեկուսացման մեջ՝ բունկեր- կեցավայր- կառավարության շենք, փորձում է հաղթահարել շոկն ու վերգտնել իրեն հանրային միավայրում, ապացուցել, որ իր լեգիտությունն ու հանրային վստահությունը շատ չեն տուժել։
Ընդդիմությունը, բնականաբար փորձում է ապացուցել հակառակը։ Այս հարթության մեջ դիրքային ու նյարդային պայքարը շարունակվում է։ Բայց ավելի կարեւորը ռեգիոնալ անվտանգային հարցերն են։ Ճիշտ է, վարչապետը պնդում է, թե մեր սահմանապահ զորքերը կանգնեցնելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանին, ուժեղացնում ենք մեր անվտանգության աստիճանը, սակայն այս պնդումները սյունեցիների եւ ոչ միայն սյունեցիների համար, առնվազն վստահելի չեն։ Վստահելի չեն կարող լինել, երբ ճանապարհդ անցնում է սահմանային գծով կամ հենց թշնամու վերահսկողության տակ գտնվող հատվածով, մնացածը չթվարկեմ։ Կկարողանա՞նք համարժեք լինել անվտանգային համակարգի փոփոխված տրամաբանությանը, ժամանակը ցույց կտա։