Ի դեպ. Արցախի կարգավիճակի մասին
ADTVԻ դեպ, Արցախի նախագահի երեկվա ուղերձում բավական հետաքրքիր անդրադարձ կար Արցախի կարգավիճակին։ Արայիկ Հարությունյանը խոսել է Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցման մասին, որը, իր խոսքերով, ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Ինչու էր սա հետաքրքիր, քանի որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ արցախյան կողմը չեղարկել էր նախատեսված հանդիպումը, պատճառաբանելով, որ ձեւաչափը ամբողջական չէ, քանի որ հանդիպմանը չի մասնակցելու ռուսաստանցի համանախագահը։Եվ սա այն դեպքում,երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում էին, որ դրանում արտացոլված չէ հայկական շահը, բարձրաձայնում էին հարցեր՝ կապված Հադրութի, Լաչինի միջանցքի եւ վերջապես Արցախի կարգավիճակի հետ։Իսկ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդգծել էր կարգավիճակի հաստատման հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ։ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Արայիկ Հարությունյանի հրաժարվելը շատերը համարեցին զարմանալի ու ոչ ճիշտ քայլ, պայմանավորեցին ռուսական կողմի ազդեցությամբ, ենթադրելով, որ Արցախն համակեպվել է ու գոհ է իր ներկա կարգավիճակից՝ ռուսական շվաքի ներքո։ Եւ ահա, Արայիկ Հարությունյանը խոսում է Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին, որպես արտաքին քաղաքական գերակայություններից երկրորդը՝ անվտանգային հարցերից հետո։ Այսպիսով, պիտի ենթադրել Արցախը հստակեցնում է իր դիրքորոշումը եւ եթե այդպես է, աշխատանքի լայն դաշտ է բացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում եւ դրանից դուրս։Բանն այն է, որ Բաքվում եւ Երեւանում կայացած հանդիպումներից հետո ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները լրացում են կատարել իրենց հայտարարության մեջ, շեշտելով եռակողմ հայտարարությունից դուրս մնացած հարցերի կարգավորման անհրաժեշտությունը։ Այս իրացիճակում, եթե չասենք շատ հավանական, ապա գոնե հնարավոր է, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան գնան Արցախը ճանաչելու ճանապարհով։ Այս երկու երկրներում էլ այս առումով «տնային աշխատանք« կատարվել է, ԱՄՆ կոնգրեսում հայտնված բանաձեւով, իսկ Ֆրանսիայում՝ խորհրդարանի երկու պալատներում ընդունված բանաձեւերով։