Ի դեպ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձի մասին
Ի դեպԻ դեպ, այսօր ուղերձով հանդես է եկել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա անդրադարձել է Արցախում ստեղծված հետպատերազմական իրավիճակին, կարեւոր արձանագրումներ է արել, խոսել է առկա մարտահրավերների մասին, մատնանշել է առկա ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ այլ խնդիրները, որոնց լուծմանն հետամուտ են լինելու Արցախի իշխանությունները՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, ՌԴ խաղաղապահների ու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցաբար։ Ուղերձը բավական ընդարձակ է, Արցախի նախագահը փորձել է բաց չթողնել որեւէ ոլորտ, որեւէ ուղղություն։ Շատերի ուշադրությանն է արժանացել ուղերձի այն հատվածը հատկապես, որտեղ նա խոսում է պատերազմի ու դրա արդյունքների համար պատասխանատվության մասին։ Մեջբերում. «Արդյո՞ք ես ունեցել եմ հնարավորություն, որպեսզի ապահովեմ Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ փաստացի Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ, նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից»,-իր ուղերձում նշել է Հարությունյանը: Սա շատերի մոտ ոչ անհիմն տպավորություն է ստեղծել, որ Արայիկ Հարությունյանն անուղղակիորեն Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությանն է մեղադրում պատերազմում կրած պարտության համար։ Այլ կերպ ասած, «քարերը գլորվում են ՀՀ իշխանությունների բոստանը»։ Իհարկե, Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ունի իր մեղքի բաժինը, բայց դա չի նշանակում, որ Արայիկ Հարությունյանը դիտորդ է եղել՝ զրո պատասխանատվությամբ։ Իսկ Հիմնական պատասխանատուն, անկախ բոլոր հանգամանքներից, իհարկե, գլխավոր հրամանատարն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ընդգծել է, թե «իրեն համարում է պատերազմի թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը: Մենք էլ ենք վերլուծել, որ հնարավոր է չպարտվել, և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վերադառնալով Արայիկ Հարությունյանի ուղերձին, նկատենք, որ ուղերձի այս հատվածն այլ հարցեր էլ է առաջացնում։ Արդյո՞ք նա սրանով ակնարկում է Երեւանից իր ուղղահայաց կապի, կապվածության ու կախվածության չեղարկման խնդիր, տեղավորվելով Արցախում հաստատված «ստատուս քվո»-ի տրամաբանության մեջ, ասենք այսպես՝ ռուսական «շվաքի» ներքո։ Հետաքրքիր է,թե Արցախից հնչող այս հայտարարությանն ինչպես կարձագանքի Երեւանը։