Ի դեպ. Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Ազգային փրկության շարժում» կոչվող քաղաքական միավորիառաջնորդ, շարժման առաջարկած ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու Վազգեն Մանուկյանը։Մոտ կես էջ ծավալով հայտարարության յուրաքանչյուր պարբերություն բավական կարեւոր ուղերձ է պարունակում, պատասխանելով հանրության շրջանում առաջացած հարցերին։ Այլ հարց է, թե որնքով են այդ ուղերձները ճշգրիտ եւ համոզիչ։
Թե ինչու պետք է հեռանա գործող վարչապետն իր թիմի հետ, Վազգեն Մանուկյանի համոզմամբ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանի որ խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։ Նկատենք, որ վարչապետի թիմի մասն է կազմում նաեւ գործող ԱԺ-ի մեծամասնությունը՝ « Իմ քայլը » խմբակցությունը։ ԱԺ-ի հանդեպ Վազգեն Մանուկյանը դեռեւս լոյալ է, ավելին, նա, հաշվի առնելով առաջիկա հնարավոր զարգացումները, կարևորում է գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Կարեւոր ուղերձներից մեկը հասցեագրված է այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեն շարժման նպատակների հետ կապված։ Ինչու են ուզում իշխանության գալ, ինչ հարցեր են պատրաստվում լուծել,որոնք են առաջնահերթությունները։ Վազգեն Մանուկյանը չի մանրամասնում, ասում է, միայն, թե «Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։
Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում է»։ Ինչ վերաբերում է համակիրներին, ապա Վազգեն Մանուկյանն հայտարարում է, թե շարժումը թափ է հավաքում, որ ամեն օր անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ փորձել է խմբագրել ու սրբագրել հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունները, որոնք որոնք մեղմ ասած, չէին բացառում կամ ուղղակի ակնարկում էին բռնության հնարավորությունը իրենց շարժման հաջողության հասնելու ճանապարհին։ Հիշեցնեմ, նա ասել էր, թե «Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:
«Գազազած ժողովուրդ», «հոշոտել», «կհեռանա զոռով» ձեւակերպումները բնականաբար չափազանց վատ ընկալում ունեցան հասարակության կողմից, շատերը հիշեցին 96թ-ի դեպքերը, երբ Վազգեն Մանուկյանը վրդովված ժողովրդին առաջնորդեց ԱԺ, տեղի ունեցան բռնություններ, տուժեցին այն ժամանակվա ԱԺ նախագահն ու փոխնախագահը, որոնցից մեկն ի դեպ, Վազգան Մանուկյանի շուրջ համախմբված կուսակցություններից մեկի քաղխորհրդի անդամ է։ Ինչեւէ։ Հիմա Վազգեն Մանուկյանն հավաստում է, որ չեն ուզում ցնցումներ, որ ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։ Որ մեզ հանրային համերաշխություն է պետք։ Մեզ իսկապաես համեշախություն է պետք, ու մի քիչ էլ հանդարտություն, բայց առայժմ խորանում է հասարակության բեւեռացումը, քաղաքական կրքերը եռում են։ Սպասենք հետագա զարգացումներին, առանց բռնությունների։