Այսօր onnet.am-ը գրել էր, որ ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է ուղարկել բոլոր ծնողներին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։ Ծնողներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, խմբի ծնողներից մեկը Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։
Աշխատողը, ով արել է այս ձայնագրությունը, այն ծնողին տրամադրել է անանունության խոստումով, որ իր անունը չպետք է հրապարակվի, այլապես կարող է տնօրինության հետ խնդիրներ ունենալ։
Կայքը նաև ձայնագրություն էր հրապարակել։ Նշենք, որ մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։
ArmDaily.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այս պահին ծնողներից մի քանիսը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացնում։
Փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն Լուսինե Հայրապետյանի հետ, սակայն նա զանգին պատասխանեց և անմիջապես անջատեց հեռախոսը, այնուհետև դարձավ անհասանելի։

