«Այս հայտարարությունը ես եմ գրել և կարդում եմ, որ որևէ այլ մեկնաբանություն չլինի։ Խնդրում եմ, որ այն չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուններից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերը։ Ցանկացած փորձ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքկաան շահարկումների մեջ հարված է մեր պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո նոր պատասխանատվությունն ու ծանրությունը տեղափոխվում է դիվանագիտություն։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիներն ու հայրենակիցները։
Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող բանակի առաջ, որը հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և ոչնչացրեց նրանց նկրտումները։ Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որն այսօր ունենք պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի, ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում և հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորն ու անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և վառ պահելու նրանց հիշատակը։
Այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում երեկ հացազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդում։ Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիարժեք և համապարփակ լուծման ուղղությամբ։ դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը կշարունակի լուռ կատարել իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։ Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Նա սակայն չպատասխանեց լրագրողների հարցերին, նշեց, որ միայն հայտարարությամբ կբավարարվի։

