Անգամ պատերազմը պատճառ չդարձավ, որ հայ ժողովուրդը հասկանա իր պարտության պատճառները։ Ամենայն համոզվածությամբ հայտնում եմ, որ այս պատերազմում մեր անկազմակերպվածությունը և անպատրաստվածությունը և ջախջախիչ պարտությունը հետևանք էին պատմությունը թերագնահատելու, պատմությունը վատ գիտենալու և հայոց լեզվի հանդեպ քամահրական վերաբերմունք ունենալու հետ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն՝ անդրադառանալով բուհերում հայոց լեզվի քննությունը կամընտրական դարձնելուն:
«Ուզում եմ նշել, որ երբ հանվեցին ոչ մասնագիտական բուհերում հայոց լեզվի դասավանդումը՝ պատճառաբանելով, թե ձևաչափը տեղին չէ, թե դպրոցական ծրագրերի կրկնություններ են, ամեն դեպքում ասվում էր, որ հայոց լեզվի քննությունը պետք է պարտադիր լինի։ Մինչդեռ հիմա ակներև դարձավ, որ մենք չենք կարողանում հայկականության, հայկական ինքնության ճգնաժամից դուրս գալ որոշ ուժերի դրդմամբ, և քանի իշխանության մոտ շարունակում են պարտված ուժերը մնալ, իրենց համար խանգարիչը հայերենն է։ Այս պարագայում հայերենը դարձնել կամընտրական պարտված ժողովրդի համար, նշանակում է միանշանակ օտար լեզուն դարձնել հիմնային։ Շուտով թերևս մեզ մոտ էլ անգլերենին են կարգավիճակ տալու, քանի որ վստահեցնում եմ, հիմա դիմորդները զանգվածային ընտրելու են անգլերենը, որովհետև իրենք իրենց պաշտպանված չեն զգում սեփական երկրում, և քանի որ պարտությունից էլ երբեք դասեր չենք վերցնում, ապրում ենք առասպելներով, ունենք այն, ինչ ունենք. պարտված երկրի հերթական պարտություն տանող որոշումները»։
Նրա դիտարկմամբ, պատերազմում այս պարտությունից հետո պետք է հասկանայինք, որ սեփական պատմությունն ու սեփական լեզուն թերագնահատելը կործանարար է։
«Հասկանում եմ՝ հանրությունը հիմա սգի մեջ է, կորցրել է սերունդ, հիմա բոլորը թևաթափ են, այնինչ այս որոշումը պետք է հասարակությանը վերջապես ոտքի հաներ։ Մենք ինչ ստացանք՝ նախարարի փոփոխություն, բայց ստացվեց որ դա միայն շղարշ էր։ Բացատրեք, ինչո՞ւ պետք է հայ իրավաբանը ընտրի՝ անգլերեն հանձնի քննություն, թե հայերեն։ Հայ իրավաբանը պետք է անգլերենո՞վ իր իրավաբանական գործունեությունը այսուհետ իրականացնի։ Պարտված երկրի պարտված գաղափարաբանության հերթական պարտության դրսևորումն է սա»։
Նա ընդգծեց, որ հիմա մտահոգ մարդիկ պետք է ձայն բարձրացնեն։ «Ես համոզված եմ, որ նախարարությունում էլ կան այդպիսի մարդիկ, ովքեր կեղծ օրակարգերի փոխարեն պետք է զբաղվեն իրական օրակարգերով, իսկ իրական օրակարգը մեր վտանգված ինքնիշխանությունն է, մեր վտանգված մայրենին։ Այն զինվորը, որ չի խոսում հայերեն՝ նա չի կարող զինվոր լինել ու հայրենիք ունենալ»։

