Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրելիս 17 կուսակցություններն առաջնորդվում էին ստեղծված իրավիճակում ապագա վարչապետին ներկայացվող անհատական և մասնագիտական կարողությունների վերաբերյալ որոշ անհրաժեշտ պահանջների ցանկով, այսինքն, թե ինչպիսի կարողություններ, հմտություններ պետք է ունենա ապագա վարչապետը, որպեսզի հույս ներշնչի հանրության մոտ, որ ստանձնելով այդ պատասխանատու դերակատարումը, այդուհանդերձ, նրան կհաջողվի համագործակցության լայն ֆորմատով հանրային կյանքը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ ընդգծելով, որ ամենակարևորը հենց այն է, թե ինչպիսի անհատական ու մասնագիտական հատկանիշներով օժտված անձի կուզենայինք տեսնել, որպեսզի նա կարողանար համագործակցության լայն ֆորմատով հանրային կյանքը դուրս բերել այս վիճակից։
«Ապագա վարչապետին ներկայացվող պահանջներից առաջինը, թերևս, փորձառությունն է, պետական կառավարման համակարգում աշխատելու փորձը, ընդ որում՝ հաջողված փորձը, երկրորդը՝ բանակաշինության մեջ փորձառությունը, ընդ որում՝ հաջողված փորձառությունը։ Երրորդը՝ քաղաքական տպավորիչ կենսագրությունը, որն իր էությամբ ու բովանդակությամբ միահյուսված է եղել անկախության, թե ազգային ազատագրական պայքարի հետ։ Դրա ավելացված մի շարք հատկություններ, օրինակ, լսելու կարողությունը, բանակցելու ունակություն, կոմպրոմիսների գնալու ունակությունը»։
Նա ընդգծեց, որ 17 կուսակցություններում կան մարդիկ, որոնք կարող էին իրավամբ հավակնել այդ պաշտոնին, ընդ որում՝այդպիսիք երկուսը չեն, երեքը չեն։ «Այդուհանդերձ, համադրելով թվարկածս հատկանիշները՝ 17 կուսակցությունները կատարել են գիտակցված, իմաստավորված ընտրություն։ Յուրաքանչյուր կուսակցություն գտնվեց վեր կուսակցական խնդիրների տիրույթում, չփորձեց առաջնորդվել նեղ քաղաքական, կուսակցական նախապատվություններով։ Սա հայաստանյան քաղաքական մշակույթի մեջ նոր ձեռքբերում է, երբ բոլոր կուսակցությունները վեր են կանգնում սեփական հավակնություններից և միանգամայն տրամադրվում համապետական խնդիրները լուծելուն, այս որոշումը, իմ կարծիքով, քաղաքական մշակույթ ձևավորելու հավակնություններ ունի»։
Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը համացանցում շահերի մոտ տարակուսանք էր առաջացրել, հատկապես այն պատճառով, որ ՀՀԿ-ն միացել է Մանուկյանի թեկնածության առաջադրմանը։ Շատերը հիշեցրին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին «իդիոտ» էր անվանել։
Հարությունյանն ասաց, որ ինքը չի հիշում, որ Սերժ Սարգսյանի կողմից նման արտահայտություն է արվել Վազգեն Մանուկյանի հասցեին։ «Բայց ես հիմա հարց եմ տալիս, մոռանանք՝ ինչ է ասել ՍԵրժ Սարգսյանը, կարո՞ղ է գտնվել մեկը, որ հիմա Վազգեն Մանուկյանին նման որակում տա, կարո՞ղ է նման մեկը գտնվել, ընդ որում՝ հիմնավորել իր ասածը։ Ինձ էլ նման բանաձևումները դուր չեն գալիս, իհարկե, չեք կարող։ Հետևաբար, կրկնեմ, մարդն իր անցյալով ու կենսագրությամբ, Ղարաբաղյան շարժումից սկսած՝ վերջացրած իր այսօրվա դիրքորոշումները, ապացուցել է, որ ինքն այս երկրի նվիրյալներից մեկն է և իրեն զգում է պատասխանատու՝ ամենաբարդ իրավիճակում կյանքը բնական հուն տեղափոխելու խնդրում։ Սա ամենակարևոր առաքելությունն է ու առավելությունը շատերի հանդեպ»։
Հարությունյանն ընդգծեց նաև, որ եղել են ժամանակներ, երբ ինքն ու Վազգեն Մանուկյանը գտնվել են քաղաքականության տարբեր թևերում և իրենց հարաբերությունները չեն եղել համերաշխ, եղել են տարաձայնություններ։
«Բայց կներեք՝ ես մի բան չեմ կարող մերժել, նա եղել է հայոց պետականության նվիրյալներից մեկը և իր կարողություններով փորձել է դրան նպասել։ Բնական է, որ պետք է փորձեն ինչ-որ բան ասել, սակայն միայն այն, որ նման օրինակներով են փորձում որակել կամ մեկնաբանել Վազգեն Մանուկյանին ՝արդեն խոսում է լուրջ արգումենտների պակասի մասին»։
Անդրադառնալով քննադատություններին՝ թե Վազգեն Մանուկյանը 2018թ-ին ողջունել էր հեղափոխությունը, մինչդեռ երեկ խոսում էր այն մասին, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվել են դեռեւս 2018 թվականին՝ Հարությունյանն ասաց, որ երեկ ինքը նույնպես ամփոփելով պատերազմի արդյունքները պնդել է, որ մենք պարտության հիմքը դրել ենք 2018 թ-ի մայիսին, խորացրել 2018 թ-ի դեկտեմբերին։
«Եթե հիմա Վազգեն Մանուկյանն էլ է այդպես մտածում, անկախ նրանից, թե ինչ է մտածել 2018 թ-ին, ապա այսօր մենք համակարծիք ենք։ Բնական է, որ տեսակետների այս փոփոխությունը կարող է շահարկվել, սակայն 2018 թ-ի մայիսին շատ շատերը ոգևորված էին, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացվում՝ դինամիկ զարգանալու, ժողովրդավարական ազատությունների, արտաքին քաղաքականության ոլորտում ճեղքումների նոր, բոլորն էին դրան սպասում, կարող էր նաև Վազգեն Մանուկյանը սպասել, ինչու՝ ոչ։ Մանուկյանն իր էությամբ նախկին բոլոր իշխանությունների ժամանակ եղել է, ըստ էության, ընդդիմադիր։ Գուցե՝ այդպես է մտածել, բայց դա չի նշանակում, որ եթե մարդը սպասելիքներ է ունեցել՝ այլևս կաշկանդված է իր 2018 թ-ի դիրքորոշումներով։ Եթե դա այդպես լիներ, հենց դա կխոսեր Վազգեն Մանուկյանի ոչ խորը, ոչ լրջմիտ վարքագծի կամ էության մասին, հիմա մարդը չի խորշում ասել, որ դրական սպասումներ է ունեցել, սակայն ավաղ՝ չստացվեց։ Արդյունքում՝ ունենք խորը ինստիտուցիոնալ ճգնաժամ։ Մենք կանգնած ենք պետական կառավարման համակարգի դեֆոլտի առջև»,-ընդգծեց Հարությունյանը։

