«ԱԻՆ-ի աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, եղել են բավականին հագեցած և ԱԻՆ-ը իր հիմնական գործառույթներից նաև ստանձնել է հումանիտար օգնության կազմակերպումը»,-ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ այդ օրերին քաղաքացիների կողմից հավաքագրված օգնությունը, ինչպես նաև արտերկրից ուղարկված, հայրենակիցների կողմից ուղարկված օգնությունը այդ ամենը պահեստավորվել, սորտավորվել և ուղարկվել է Արցախ, ինչպես նաև Երևանում և մարզերում ապրող արցախցի մեր հայրենակիցներին. «Ուզում եմ նշել, որ ԱԻՆ-ը նաև իրականացրել է վիրավորների տեղափոխում և առաջին բուժօգնության ցուցաբերում, մենք ունեցել ենք դաշտային հոսպիտալ։ Այդ օրերին մենք նաև իրականացնում էինք մեր զոհված զինծառայողների դիակների դուրս բերումը և տեղափոխումը համապատասխան վայրեր»։
Փամբուխչյանը նաև նշեց, որ ԱԻՆ աշխատակիցներից կազմված 273 հոգանոց խումբը պատերազմի ընթացքում մեկնել է առաջնագիծ՝ Մարտունի-Հադրութ հատվածում. «Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք»։
Նա նշեց, որ այս օրերին ամենակարևոր խնդիրը, որը վեր են հանել, դա քաղպաշտպանությանն ուղղված խնդիրն է. «Նախարարը դրան մեծ ուշադրություն է դարձրել և առաջնահերթությունների մեջ է պահում քաղպաշտպանությանը վերաբերվող հարցերը։ Օրինակ Ստեփանակերտում և մյուս քաղաքներում բնակչությունը համեմատաբար բավականին լավ պատրաստված է քաղպաշտպանությանը, իրենք գիտեն օրինակ օդային տագնապի դեպքում ինչպիսի վարքագիծ դրսևորեն և որտեղ պատսպարվեն, բայց ՀՀ-ի տարածքում տարիներ շարունակ եղել են այդ մասով բացթողումներ և հիմա մենք մեր ամբողջ ուժերը ներդնելու ենք քաղպաշտպանությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև ժամանակավոր ապաստարանների հարցին»։

