Ազգային ժողովրդավարական բևեռ շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատերազմի հենց առաջին օրերից գործող իշխանություններին փորձել են իրենց խորհուրդներով օգնել՝ իրավիճակից դուրս գալու համար։
«Մենք անընդհատ առաջարկություններ ենք արել։ Եթե կարիք կլինի, այդ ամեն ինչի մասին ավելի մանրամասն կխոսենք։ Պատերազմի հենց հաջորդ օրը տեսանելի էր հակառակորդի գերիշխանությունը օդում և բոլորս տեսանք, թե նրանք ինչպիսի պատրաստվածություն ունեն օդային մարտ մղելու և այդ հանգամանքը նկատի ունենալով մենք պետք է փոխեինք ռազմի դաշտում մեր մարտավարությունը, ինչու չէ նաև թիկունքում։ Մենք ռազմի դաշտում պետք է դիմեինք կիսապարտիզանական գործողությունների, ավանդական ռազմաճակատի հասկացողությանը վերջ պետք է դնեինք սկզբնական շրջանում, երբ հակառակորդին չէր հաջողվել մեծ նվաճումներ ունենալ գետնի վրա։ Ես կուզեի մեր ժողովրդին հուսադրել, որ այո, այսօրվա մեր վիճակը շատ տխուր ու ծանր է, սակայն դա չի նշանակում, որ այսպես է մնալու։ Ես վստահ եմ, որ մեր մեջ ուժ ենք գտնելու, չենք ընկրկելու, և ոչ միայն վերականգնելու ենք մեր ունեցածը, այլ ունենալու ենք նոր նվաճումներ։ Այս ամենի նախապայմանը օր առաջ ազգային պետություն ստեղծելն է։ Եթե նախորդ 20-25 տարիների ընթացքում մենք հապաղում էինք և կարևորություն չէինք տալիս այս գերկարևոր հարցին, ես վստահ եմ՝ այսօրվա մեծ կորուստներից հետո սևեռվելու ենք այդ գաղափարի վրա և ամբողջ քաղաքական դաշտը պարտավոր է այս գաղափարի շուրջ համախմբվելու։ Թե ինչպես պետք է ստեղծենք այդ ազգային պետությունը, առաջին քայլը պետք է լինի այսօրվա իշխող վարչակազմից ձերբազատումը։ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավոր չէ որևէ լուրջ քայլ կատարել, և անշուշտ մենք պետք է գնանք ժամանակավոր կառավարություն։ Եվ շատ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը հենց ինքը նախաձեռներ»,-նշեց նա։

