Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, իսկ գործունեությունը շարունակելու է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնում։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Մեխակյանին ԱԺ-ում կփոխարինի Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը։
Մեզ հետ զրույցում Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը և նշեց, որ վերցնելու է մանդատը։
«Անելիքներս փոխմարզպետի պաշտոնում սպառված չեմ համարում, բայց կյանքի բերումով, գործընթացների բերումով, կարծում եմ, որ իմ անելիքներն Աժ-ում առավել կարևոր կլինեն»,-նշեց նա։
Հարցին՝ ինչպես է պատկերացնում իրեն խորհրդարանում, Գրիգորյանը նշեց՝ խմբակցության տրամաբանությանը ներդաշնակ։
Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո երկրի ղեկավարին ու նրա աջակիցներին անվանում են դավաճան և պահանջում են նրանց հեռացումը, արդյոք այդ պիտակավորումներից չի նեղվում և չի կարծում, որ վարչապետը պետք է հեռանա, Գրիգորյանը նշեց. «Ոչ, չեմ վախենում։ Հիմա դավաճան կլինի այն մարդը, ով պատասխանատվությունից կխուսափի։ Իսկ ընդհանրապես դավաճան են այն մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ կեղեքել են պետությունը։ Վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն էլ չեմ տեսնում։ Մենք մեծ անելիքներ ունենք, պետք է կատարենք ամսի 9-ի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, իսկ դրանից հետո կլինի այն, ինչ թույլ կտա իրավիճակը»։
Կարեն Գրիգորյանի կենսագրությունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը
Ծնվել` 12.12.1989 թ., ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք:
Կրթություն
• 2006-2010 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ), մասնագիտությունը՝ կիրառական մաթեմատիկա:
• 2010 թ. «Ֆինանսաբանկային կենտրոն հիմնադրամ», ՀՀ առևտրային բանկերի ներածական դասընթաց:
• 2011 թ. «Ֆինանսաբանկային կենտրոն հիմնադրամ», KFW-ի ստանդարտներով բնակարանային ֆինանսավորման ուսումնական դասընթաց:
• 2016-17 թթ. «Basic IT Center» ընկերությունում վեբ ծրագրավորման վերապատրաստման դասընթաց:
Աշխատանքային գործունեությունը
• 2010-2012 թթ. Անհատ ձեռներեց
• 2011-2011 թթ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարկային բաժին, փորձնակ:
• 2011-2012 թթ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարկային բաժին, վարկային մասնագետ:
• 2012-2013 թթ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, մասնագետ-գանձապահ:
• 2013-2016 թթ. «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարկային բաժին, վարկային մասնագետ:
• 2018 թ. «ԱրմենՏել» ՓԲԸ-ում մասնաճյուղի ղեկավար (ավագ մասնագետ):
• 2018 թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարկային դեպարտամենտի կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության կորպորատիվ բիզնեսի զարգացման բաժին, մասնագետ:
• ՀՀ վարչապետի 29.06.2018 թ. 884 - Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։
Այլ տվյալներ
Զինապարտությունը, զինվորական կոչումը՝ ոչ զինապարտ:
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։

