Ես ինքնիշխանության, ազգային ինքնության մեծ ճգնաժամ եմ տեսնում, որի հիմքում, ըստ ամենայնի, այն ջախջախիչ պարտությունն է, անորոշ, չբացահայտված փաստաթղթերով ամրագրած, դրա ուղղակի հետևանքն է նաև սեփական անվտանգությունը ոչ թե սեփական պետության, այլ միջնորդ պետության հետ կապելու հանգամանքն է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն՝ անդրադառանալով Արցախում ռուսերենին հատուկ կարգավիճակի տրամադրմանը։
Նա ընդգծեց, որ նկատելի է, որ թե Արցախում, թե Հայաստանում ուժեղացել են նույն տրամադրությունները՝ թե Հայաստանը չի կարողանում դառնալ իր և Արցախի անվտանգության երաշխավոր։ «Ռուս խաղաղապահների գործոնը, որը այս պարագայում, կարծես, պաշտպանական պատ դարձավ հայերի և ադրբեջանցիների համար՝ ընկալվում է որպես փրկարար և հենց այդ նույն տրամաբանությամբ փորձում են նման քայլեր կատարել։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ և պահով թելադրված՝ տագնապի, վախի արգասիք է։ Ցանկացած լեզու պետք է գործառական լինի։ Հատկապես, որ չեմ կարծում, որ Արցախում ռուսերենի մակարդակը ցածր էր։ Ողջ խնդիրն այն է, որ դպրոցում լավ սովորեցնեն ռուսերեն, իսկ որևէ կարգավիճակ շնորհելը միայն ազգային խեղճությունից է բխում»։
Հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան կարևորում ռուսերենին կարգավիճակի տրամադրումը՝ նա նշեց, որ կարծում է՝ թե դա առասպել է։ «Հայաստանն, առհասարակ, ապրում է առասպելներով, օրինակ, առասպելով, որ Ռուսաստանի համար վճռորոշ է իր լեզվի կարգավիճակը տվյալ պետության մեջ, իրենց հեռուստահաղորդումների հեռարձակումը, թեև այդ հաղորդումները անխափան հեռարձակվում են։ Այսինքն, տեղում միշտ կա, ինչպես ասում են՝ 5-րդ շարասյուն և ազգային խորը ճնգանաժամի անլիարժեքության մեջ ապրող մի շերտ, որն անընդհատ ռուսների փոխարեն ռուսականն է պահպանում, իսկ իմ համոզմամբ՝ Ռուսաստանի համար դա այնքան էլ վճռորոշ նշանակություն չունի, զորօրինակ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, որ այսօր բարձր մակարդակի վրա են՝ բոլորովին պայմանավորված չեն ռուսերենի կարգավիճակով։ Ընդ որում՝ Թուրքիայում որևէ մեկը չի պատրաստվում որևէ հատվածում ռուսերենին կարգավիճակ տալ։ Այդուհանդերձ, այնտեղ էլ մարդիկ կան, որ ռուսերեն են սովորում, այսինքն՝ դրանք հորինված առասպելներ են։ Կարծում եմ՝ ռուսներին պետք են կայուն դաշնակիցներ՝ սեփական ինքնիշխանությանը տեր կանգնելու ունակ, ոչ թե կառչած կրտսեր եղբոր կամ երեխայի կարգավիճակ ունեցող»։

