Ընդդիմադիր 17 կուսակցությունները վարչապետի միասնական թեկնածու են առաջադրել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին։ Հրավիրված խորհրդի նիստում որոշում են կայացրել, որ պետք է ստեղծեն «Հայրենիքի փրկության» ազգային շարժում և ընդլայնեն իրենց կազմը։
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում թեժ գիծ են բացել՝ պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու համար. թեժ գծի հեռախոսահամարն է՝ 047 94 61 94։
Շուշեցիները այսօր բողոքի ակցիա են իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց Նրանք պահանջում են լուծել իրենց կացարանների և անվտանգության խնդիրները։
Արցախցիներին հյուրընկալած քաղաքացիները դրամական աջակցություն կստանան։ Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար՝ 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, 45 000 ՀՀ դրամ եթե Արցախում է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում աշնանային էսկալացիայի ընթացքում 2783 զոհված զինծառայողի մասին, ավելի քան 100 զինծառայող անհետ կորած է համարվում:
Կառավարությունը արմատական փոփոխություններ է առաջարկում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով․ ըստ այդմ՝ արդյունքում լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարն իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը՝ մինչև 5 տարի ժամկետով:
Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

