Նման բան չի կարող լինել, եթե ռուս խաղաղապահը չի կարող Քարվաճառի սահմանն անցնել ու գալ Վարդենիս, ոնց կարող են ադրբեջանցի զինվորները գալ ու խանութից առևտուր անել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։
«Իրենք իրենց սահմանները գիտեն, առաջ չեն գալիս։ Մենք էլ վարդենիսցիներով, հարակից գյուղերի բնակիչներով սահմանին ենք ՊՆ-ի հետ միասին։ Ես էլ այս պահին սահմանին եմ»,- ասաց Մելքոնյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վարդենիսի համայնքի Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերը դարձել են սահմանապահ։ «Համայնքներում խուճապ չկա, արտագաղթի ալիք ևս չկա, մարդիկ իրենց տանն են»։
Համայնքի ղեկավարի խոսքով Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները ոչ բոլորը, բայց աշխատում են այս օրերին։
Հիշեցնենք, որ այսօր Newspress.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Վարդենիսի խանութում տեսել են հայ զինվորների համազգեստով ադրբեջանցիների։

