Ես ոչ միայն գիտեմ, թե ինչ ճանապարհ է անցել Վազգեն Մանուկյանը, այլև մենք միասին ընդդիմություն ենք եղել, 1996 թ-ի նախագահական ընտրություններում նախագահի 5 թեկնածուներս հենց իրեն ընտրեցինք միասնական թեկնածու։ Ես կարող եմ միայն մի բան ասել, մարդն, ով այսօր խիզախություն ունի ասելու, որ կարող է այս վիճակում գալ և կառավարել երկիրը՝ արդեն իսկ հարգանքի է արժանի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառանալով 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրելուն։ «Ես կարծում եմ, որ նա շատ սառը դատել է, վերլուծել է բոլոր հնարավորությունները և գտել, որ կարող է համապատասխան թիմ, կառավարության կազմ ձևավորի՝ ճգնաժամից դուրս գալու համար»։
Նա ընդգծեց, որ խնդիրները շատ են ու բարդ, սակայն առաջին հերթին պետք է կարողանալ հոռետեսական տրամադրույթյունները փոխել։ «Այսօր շատ վտանգներ կան, շատերը պատրաստվում են լքել երկիրը։ Շատ կարևոր է մարդկանց հույս ներշնչել, այստեղ լուրջ կոլեկտիվ աշխատանք է պետք։ Մենք նաև առաջարկում ենք արհեստավարժ կառավարությանը կից պարտադիր ձևավորել քաղաքական հասարակական խորհուրդ կամ կոմիտե, որը պետք է վերահսկսի այն ծրագրի իրականացումը, որը կհաստատվի կառավարության կողմից։ Պետք է ունենանք վերահսկողական օղակ, քանի որ այս խորհրդարանն այլևս այն խորհրդարանը չէ, որը կարող է նման գործառույթ իրականացնել»։

