Ես Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում որպես մոմավաճառ էի աշխատում, դուրս եմ եկել հոկտեմբերի 27-ին, երբ արդեն վիճակը իրոք շատ բարդ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ստելլա Միրզոյանը։
«Այստեղ եկել եմ իմանալու՝ մեր հետագա ճակատագիրն ինչ է լինելու։ Բնակվել ենք լրիվ անծանոթ մարդկանց մոտ, իրենք մեզ շատ լավ, հարազատի նման ընդունել են, առանց վճարի, առանց որևէ բանի տեղավորել են»,- ասաց նա։
Տիկին Ստելլայի խոսքով իրենք դեռ պատկան մարմիններին չեն դիմել. Ստեփանակերտում գտնվող տղան է հետաքրքրվում բնակարանի հարցով, սակայն մարդիկ շատ են՝ բնակարանները սահմանափակ։
«Շուշիում թողել ենք 2 բնակարան, ունեինք փոքր բիզնես, որով մեր ընտանիքը ապահովում էինք, աշխատանք ունեինք, ամեն ինչ ունեինք։ Եթե կացարան ունենայինք կգնայի ես Արցախի որևէ գյուղ կամ քաղաք, բայց իմ թոռնիկներին ես պատրաստ չեմ տանել, այն ինչ որ իրենք տեսել են, դեռ շոկի մեջ են։ Ես չեմ ուզում մնալ Հայաստանում, ես իմ ամուսնու հետ վերադառնալու եմ, բայց երեխաների հարցով մի քիչ շուտ է։ Ես կրկնակի փախստական եմ, Բաքվից էլ եմ փախել, հիմա հույս ունեմ, որ մի քիչ կկարգավորվի, էլի կստեղծենք, կապրենք»,- ասաց նա։

