Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:
Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում՝ հավելված 2-ում ներառված տվյալների հետ և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ աջակցության տրամադրման կամ մերժման մասին:

