Ի դեպ. ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի արձանագրումների եւ ՌԴ նախագահի ուղերձների մասին
Ի դեպԻ դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Վարչապետն անդրադարձել է վերջին երկու ամիսների զարգացումներին, երբ Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչ վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների ավարտից երեք շաբաթ անց էլ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն և անհետ կորածների ճակատագրի պարզումը, արցախցիների համար իրենց բնակության վայրեր վերադարձի պայմանների ստեղծումը, տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեության ապահովումը, ադրբեջանցիների կողմից զբաղեցված տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության հարցերը եւ այլն եւ այսպես շարունակ։
Չափազանց հետաքրքիր էր, թե ինչ շեշտադրումներ կունենա ՌԴ նախագահի անդրադարձը պատերազմին եւ հետպատերազմական վիճակին, քանի որ այն իր շատ կարեւոր, եթե չասենք վճռորոշ նշանակություն կունենար հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա։ Ի՞նչ ասաց Վլադիմիր Պուտինը.Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական մեծ քաջություն էին պահանջում։Եւ որ կարեւոր է այդ իրավիճակում աջակցել վարչապետին եւ նրա թիմին: Մեջբերում. «Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Եվ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին՝ խաղաղ կյանք հարթելու, ընդունված բոլոր որոշումներն իրականացնելու եւ այդ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար»:
Սա մեջբերման ավարտն էր։ Դժվար չէ կռահել, թե ինչ արձագանք կունենա Վլադիմիր Պուտինի այս խոսքը Հայաստանում։ Իշխանական գործիչները սա կմեկնաբանեն որպես անվերապահ աջակցություն Փաշինյանին եւ կերզակացնեն, որ ՌԴ նախագահը չի ցանկանում, որ Փաշինյանը հեռանա։ Իսկ ընդդիմադությունը՝ ճիշտ հակառակը։Նրանք կշեշտադրեն եռակողմ հայտարարությամբ ընդունված բոլոր որոշումները իրականացնելու պահը։Ըստ այդմ, կեզրակացնեն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ՌԴ-ին այնքան ժամանակ, քանի դեռ կյանքի չեն կոչվել բոլոր այմանավորվածությունները, քանի որ այս պահին նրա հեռանալը ընդամենը բարդացնելու է Ռուսաստանի գործը՝ որպես միջնորդ։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել հետագայում: Այս վարկածներից երկուսն էլ ունեն գոյության իրավունք, իսկ թե որ մեկն է ավելի մոտ իրականությանը, կերեւա թերեւս առաջիկա մեկ-երկու ամսում։