Սոթքի տարածքից մենք մշակովի հողեր չենք կորցրել, գյուղացիների շրջանում մտավախություններ կան անվտանգության հետ կապված, ռիսկայնություն կա, բայց հայ գյուղացին երբեք ոչ ադրբեջանցուց է վախեցել, ոչ էլ թուրքից, թե չէ մի 10 հատ թուրք էլ ես կմորթեմ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Սոթքի տարածաշրջանը ավելի շատ մեզ մտահոգում է որպես հանքավայր։ Այնտեղ մենք հասանք նրան, որ արդեն համարյա 100 տոկոս հողերը մշակվում էին, մենք այնտեղ ազատ հողեր չունեինք։ Հատկապես կարտոֆիլի մշակումը շատ զարգացավ այնտեղ, շատ զարգացավ նաև հացազգիների արտադրությունը։ Այնպես որ մենք լուրջ ծրագրեր այնտեղ արել ենք և անելու ենք։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, այո, միանշանակ այս ամենը հարված հասցնում է։ Մեր մոտավոր հաշվարկներով մոտ 35 մլն դոլարի միայն Արցախի գյուղատնտեսությունը տուժելու է՝ հացահատիկը, նռնենու այգիները, արքայանարինջը։ Մոտ 20 հազար տնկի անցած տարի Ֆրանսիայից ստացանք տրամադրեցինք Արցախին, այս ամենը մնաց հանձնած տարածքների մեջ։ Ամեն տարի մոտ 80-100 հազար տոննա ցորեն Արցախից գալիս էր Հայաստան, հիմա ստիպված կլինենք այլ երկրներից ներկրել»,- ասաց Բերբերյանը։
Անդրադառնալով մեղվաբուծությանը, որը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում հատկապես տարածված է, իսկ մեղուների տարվա ընթացքում գյուղացիները տեղափոխում էին նաև Քարվաճառ, նշեց, որ մեղվաբուծությունը շատ կարևոր ուղղություն է, որը ապահովում է փոշոտումը։ Իհարկե մեղվաբուծությունը այս տարածաշրջանում կարող է ծավալները նվազել»։

