Ի դեպ. Նախիջեւանը Ադրբեջանին կապող նոր միջանցքի վերաբերյալ Ալիեւի հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, իր պատերազմական հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով ոգեւորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։ Մասնավորապես, նա առաջարկել է բացել միջանցք, որը կմիավորի Նախիջևանը իր երկրի արևմտյան հատվածների հետ: Ընդ որում, խոսքը ոչ թե Մեղրիով կապի մասին է, այլ բոլորովին նոր միջանցքի։ Եվ դատելով նրա հայտարարության տոնից ու ձեւակերպումներից, Ալիեւը վստահ է, որ այն կյանքի կկոչվի, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Ադրբեջանի այդ գաղափարին։
Մեջբերեմ.«Մենք դուրս ենք բերում Նախիջևանը շրջափակումից, միաժամանակ բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ բոլոր երկրները կշահեն դրանից»,- ասել է Ալիևը այսօրվա իր ուղերձում՝ հավելելով, որ նոր միջանցքին կմիանան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը: Իրանի մասով այս պահին դժվար է որեւէ բան ասել, Թուրքիայի մասով ամեն ինչ պարզ է։ Հատկանշական է, որ Ալիեւը վստահորեն խոսում է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի՝ այդ ծրագրին միանալու հեռանկարի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը, սակայն Կրեմլի խոսնակն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկում են: Ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկում են։ Իսկ Հայաստանի ղեկավարի անունը չկա։ Հայաստանը ոչ էլ արձագանքել է Ալիեւի հայտարարությանը։ Ստացվում է՝ մեր տարածքով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ծրագիր է իրականացվելու, մեր կառավարությունն էլ, դե՝ դե գործերով, գործադրում է բոլոր ջանքերը ՀՀ և Արցախի շահերը պաշտպանելու համար:
Իրականում Ադրբեջանի նախաձեռնությունը նոր կամ անսպասելի չէ, իրականում «շան գլուխը թաղված է» եռակողմ տխրահռչակ հայտարարության մեջ։ Իսկ ինչ է ասվում այդ հայտարարության 9-րդ կետում. Ասվում է, որ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, որ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ Սահմանապահ ծառայության մարմինները: Եւ ամենակարեւորը՝ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։ Այնպես, որ զարմանալի չեն ոչ Ադրբեջանի վստահությունը, ոչ էլ մեր լռությունը։Նիկոլ Փաշինյանն ասում էր, չէ՞, որ եռակողմ հայտարարության մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց մենք անպայմանորեն կգտնենք լուծումներ:Կամաց-կամաց գտնում ենք։