ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ծովից ծով #Հայաստան». այս կարգախոսը դարեր շարունակ շոյել է մեր միտքն ու հոգին, իր էական ազդեցությունը թողել մեր աշխարհընկալման վրա: Այսօր սրա մասին խոսելը կարծես թե դարձել է անիրատեսական: Սակայն, պետք չէ լինել հոռետես, պետք չէ հանձնվել ու հուսահատվել:
«Ծովից ծով Հայաստանը» առաջին հերթին խորհրդանշում է ուժ, հզորություն, կորով: Բայց պետք է փաստենք, որ մենք այդ կարգախոսի մի մասն էին ընկալում՝ զուտ տարածքայինը, ֆիզիկականը: Եվ սա է նաև պատճառը, որ դարեր շարունակ թույլ ենք տալիս բազմաթիվ սխալներ, կրում սարսափելի կորուստներ ու պարտություններ:
Այնինչ «Ծովից ծով Հայաստանը» պետք է այլ կերպ դիտարկենք: Ծովերից մեկը հավատքն է, մյուսը՝ խելքը, հայրենասիրությունը, պարկեշտությունն ու փոխադարձ հարգանքը: Այ, երբ մենք հասնենք այս «ծովերին», այն ժամանակ կվերականգնենք մեր երբեմնի փառքն ու կարգավիճակը՝ որպես Աստծո ընտրյալ ազգ»:

