ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քննարկումներ են ընթանում նախակրթարաններում և մանկապարտեզներում ընդունելություն կազմակերպելու մասին։ Մասնավորապես նախատեսվում է, որ բոլոր երեխաները մանկապարտեզներ հաճախելու հնարավորություն կունենան արդեն հունվարից, այդ թվում նաև հերթում սպասող այն երեխաները, որոնք համավարակի պատճառով դեռևս չեն հասցրել մանկապարտեզ հաճախել, բայց իրենց հերթը վաղուց եկել է։
ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ քննարկումներ միշտ կան. «Երբ որոշում լինի վերջնական, բնականաբար կհայտարարենք դրա մասին։ Քննարկումներ միշտ կան և նման որոշումները կայացվում են համաձայն իրավիճակի։ Այսինքն եթե իրավիճակից ելներով ընդունելության իրականացումը կասեցվել է, համապատասխանաբար իրավիճակից ելներով էլ կվերսկսվի ընդունելությունը։ Հասկանալի է, որ դա առաջին հերթին կախված է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից և այդ ազդակները պետք է ստացվեն համապատասխան գերատեսչություններից»։
Հարցին՝ դպրոցներում առկա ուսուցման անցնելու, ինչպես նաև գործող սահմանափակումների մեղմացման ֆոնին ենթադրելի՞ է, որ մանկապարտեզներում ևս սահմանափակումների մեղմացում կլինի, Կարապետյանը նշեց. «Այո ենթադրելի է»։
Հիշեցնենք, որ այժմ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեն սահմանափակ թվով երեխաներ, հիմնականում՝ աշխատող ծնողների երեխաները, իսկ յուրաքանչյուր խմբում երեխաների թիվը չի գերազանցում 18-ը։

