Այսօր համացանցում տարածվել էր լուսանկար, թե իբր ադրբեջանցիները մտել են Բերձոր, այնտեղ տեղադրել իրենց դրոշը և բնակիչներին էլ դուրս են հանում համայնքից։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ այս պահին գտնվում է Բերձորում. «Մեր բնակիչները Բերձորում են, ոչ մի ադրբեջանական զինված ուժ չկա Բերձորում։ Մենք խաղաղ բնակիչներով այս պահին գտնվում և ապրում ենք Բերձորում։ Համայնքում ռուս խաղաղապահներ կան»։
Հարցին՝ արդյոք ադրբեջանական դրոշ տեղադրվել է Բերձորում, Ալեքսանյանը նշեց, որ այդպիսի բան չի եղել. «Ադրբեջանական ուժերը որպես այդպիսին Բերձորում չպետք է լինեն էլ ու ռուս խաղաղապահները դա թույլ չեն տալու։ Եթե անգամ իրենք Բերձորով անցել են, հաշվի առնելով, որ մեր հյուսիսային թևը պետք է Բերձորով անցնի, գնա, նրանք ուղեկցվում են ռուս խաղաղապահների կողմից և հնարավոր չէ ճանապարհին կանգնեն, ինչ-որ բան անեն»։
Հարցին, թե կան բնակիչներ, ովքեր այս ընթացքում լքել են գյուղը, համայնքապետը նշեց. «Իհարկե կան, գնացողներ էլ են եղել, եկողներ էլ են եղել։ Բերեք այսպես պատկերացնենք՝ ցանկացած մարդ նաև մտածում է իր անվտանգության մասին և այդ նկատառումներից ելնելով կարող է ամսի 30-ին գնա, ամսի 3-ին հետ գա։ Շատ հանգիստ կարող է Բերձորի բնակիչն այս պահին այստեղ չլինել՝ հաշվի առնելով իր անվտանգությունը»։
Ալեքսանյանը նշեց, որ բնակիչների մոտ ոչ մի խուճապ, տագնապային իրավիճակ չկա. «Ավելի շատ այդ խուճապն ու պանիկան այս պահին Հայաստանից է գալիս։ Անընդհատ առավոտից զանգում ընենց բաներ են ասում, որ մենք այստեղ էդպիսի բան չենք տեսնում»։
Դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ Բերձորը մնալու է հայկական, համայնքապետը նշեց. «Այս պահին հայկական է, վաղը ինչ կլինի, չեմ կարող ասել»։

