Այս պահին Սոթքի հանքավայրում աշխատանքները դադարեցված են։ Ինչպես հասկանում եմ՝ ընկերության շուրջ ողջ բանակցությունները թողնված են ռուսական ընկերության վրա։ Հայկական կողմը, ի դեմս պետական մարմինների, ուղղակի անգործության է մատնված։ Բայց, կարծում եմ, այստեղ ավելի խորքային խնդիրներ կան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ ընդգծելով, որ միայն վերջին օրերին հանքավայրի տարածք հայկական զորքեր են մտցրել՝ անվտանգությունն ապահովելու համար, սակայն, ըստ էության՝ այս պահին հանքի տարածքով է անցնում բաժանարար գիծը։
«Նման իրավիճակում, հնարավոր չէ շահագործել հանքը, նրանք, ովքեր ասում են՝ ինչ է եղել, հանքը կիսենք՝ աշխատեցնենք, գոնե մեկ անգամ պետք է գնան հանքավայր։ Դա նույնն է, որ սեղանը կիսելուց հետո փորձես այն օգտագործել։ Հանքի դեպքում ամբողջ տեխնիկատնտեսական հաշվարկներն արված են որպես մեկ ամբողջություն։ Հանքագործության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մի երակը նախապատրաստվում է, իսկ մեկ այլ երակից այդ ընթացքում հանքահարը վերցնում են, հնարավոր չէ այս գործընթացը ուղղակի բաժանել մասերի։ Հանքերի ճանապարհները շրջանաձև են, այսինքն, ավտոմեքենաները, որ իջնում են հանք՝ շրջանաձև են իջնում, Ճանապարհը ուղիղ գծով չի իջնում, ոլորապտույտ է իջնում։ Ներքևից հանքաքարը հանելու համար բեռնատարը 3 հատ անցակետ պետք է անցնի։ Միանշանակ է, որ այս տարբերակով հնարավոր չէ հանքի հետագա շահագործումը։ Պետք է նախապես խոսվեր հանքի հետագա շահագործման մասին ու ամրագրվեր փաստաթղթում դրա հետագա շահագործման ընթացակարգը։ Կան բազմաթիվ միջազգային փորձեր, երբ որևէ տարածքը պատկանում է մի երկրի, բայց հարևան երկիրը հնարավորություն է ունենում այդ տարածքից կամ, օրինակ, ջրային ռեսուրսներից օգտվել։ Սա փոխադարձ միջպետական համաձայնագրով կարգավորվելիք խնդիր է, որը ցավոք ուղղակի բացակայում է»։
Տնտեսագետը հիշեցրեց, որ հանքը շահագործող ընկերությունը 2015 թ-ից տարեկան պետբյուջե է վճարել 34 մլն դոլարի հարկ, այս տարի հարկային մուտքերը ավելացրել է մոտ 30 տոկոսով։ Այս ընկերությունը Հայաստանի 4-րդ հարկատուն է և խոշոր գործատու։ Միայն հանքում աշխատում է 1700 մարդ՝ հիմնականում տարածաշրջանի բնակիչներ։ «Տարածաշրջանը հարուստ չէ աշխատատեղերով և հանքի չշահագործումը, բնականաբար, լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի տարածաշրջանում և արտագաղթի պատճառ կդառնա։ Ընկերությունն ապահովում է Հայաստանից արտահանման 4 տոկոսը, որը մեր տնտեսության համար կարևոր դոլարային հոսքեր է ապահովում։ Հատկապես հիմա, երբ դրամի փոխարժեքը կտրուկ նվազում է՝ դոլարի հոսքերի կրճատումը ավելի կխորացնի դրամ-դոլար փոխարժեքի տատանումները»։
Նա ընդգծեց նաև, որ Սոթքի հանքի շահանգործման շնորհիվ է, որ «Հայկական երկաթուղիներ» ընկերությունը աշխատում է որոշակի շահութաբերությամբ։ Երկաթուղու բեռնափոխադրման շուրջ 50 տոկոսը կազմում է Սոթքի հանքաքարի բեռնափոխադրումը։ Եթե դա չլինի՝ ընկերության շարութաբերությունը կնվազի, պետությունը ստիպված կլինի սուբսիդավորել երկաթուղին։ Բացի այդ, եթե հանքաքարը չլինի՝ չաշխատի նաև Արարատի ոսկու կորզման գործարանը, որը հիմնական հանքանյութի կորզման գործարանն է, այնտեղ ևս մեծ թվով աշխատատեղեր կան։
«Իսկ ո՞վ ասաց, որ եթե արդյունահանեն՝ հանքաքարը կբերեն Հայաստան, կա վտանգ, որ ընկերությունը Ադրբեջանում կբացի մեկ այլ ընկերություն և հանքաքարը կարտահանի Ադրբեջանի տարածք՝ ոչ թե Հայաստանի։ Ենթակառուցվածք չկա, սակայն կարող են բեռնատարներով հասցնեն Գյանջա, այնտեղից երկաթուղիով տեղափոխեն մինչև ՌԴ։ Այսինքն, այնպես չէ, որ ընկերությունը գերի է ընկել հայկական իշխանությունների ձեռքը, այդ իշխանությունները պետք է մտածեն չկորցնելու համար հանքը։ Եթե ընկերությունը տեսնի, որ հայկական իշխանությունները անգործության են մատնված՝ նման քայլեր անեն, մինչդեռ, Սոթքի շահագործումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի և անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին՝ այս հարցը պետք է լուծի։ Մինչդեռ, հայտնի չէ անգամ, թե ով է զբաղվում այս հարցով»։

