Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրել էր, որ Հայաստանի եզդիները միանում են կառավարության հրաժարականի պահանջին։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց, որ համայնքում որևէ դժգոհություն չկա այդ մասով. «Լուրը, որը չգիտեմ թե աղբյուրը որտեղից է, չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի եզդիական համայնքի անունից որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի։ Կարող են հայտարարություն անել, որ որոշ եզդիներ այդպիսի մտադրություն կամ ցանկություն ունեն, բայց խոսել մի ամբողջ եզդիական համայնքի անունից, սա անընդունելի է և բացարձակ սուտ»։
Հարցին, թե ինչպես է գնահատում երկրում իրավիճակը, այս ընթացքում բազմաթիվ ցույցեր են անցկացվում կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջով. «Շատ եմ ցավում, քանի որ Հայաստանն իմ հայրենիքն է, Հայաստանն ինձ ծնել, սնել, մեծացրել է և այն, ինչին ես հիմա ականատես եմ լինում, ուղղակի խորը ցավ եմ ապրում, քանի որ այս օրերին մեր ընդհանուր ներուժը պետք է միտված լինի արտաքին թշնամուն չեզոքացնելու ուղղությամբ»։
Դիտարկմանը, թե քաղաքացիների մի մասն էլ վարչապետին է թշնամի համարում, նրան դավաճան ու հող հանձնող դիտարկում, պատգամավորը նկատեց. «Իսկ ո՞վ է ասում, իսկ արդյոք քաղաքացինե՞րն են դա ասում։ Այդ բողոքի ակցիայի մասնակիցների աղբյուրը ո՞րն է։ Դա շատ էական է։ Եվ եթե նույնիսկ կան քաղաքացիներ, որ այդպես են մտածում, կարծում եմ՝ հիմա պատեհ ժամանակը չէ դրա մասին խոսելու։ Մեր ամբողջ ներուժը, անկախ նրանից կլինեն իշխանություն, ընդդիմություն, մշակութային գործիչներ, պետք է միտված լինի արտաքին թշնամուն չեզոքացնելու ուղղությամբ»։
Հարցին, թե եզդիական համայնքից կան գերեվարվածներ և անհայտ կորածները, Բաքոյանը նշեց. «Գերի ընկածների մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց անհետ կորածներ կան և կամավորականներից, և ժամկետային զինծառայողներից»։

