Ի դեպ,Նիկոլ Փաշինյանի գրառումների և արձագանքների մասին
ADTVԻ դեպ, հանրային-քաղաքական շրջանակներում այսօր բուռն քննարկման առարկա են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումները, որտեղ նա անդրադառնում է բանակցային գործընթացի Կազանյան փաստաթղթին, պատերազմի ընթացքում տեղի ունեցածին, մասնավորապես ռազմական գործողությունները ավելի վաղ կանգնեցնելու հնարավորությանն ու այդ առնչությամբ տեղի ունեցած քննարկումներին, ինչպես նաեւ ՀՀ պաշտոնաթող նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ ՌԴ չկայացած այցին։
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, պատասխանելով իր հարցադրմանը, թե ինչ պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ, գալիս է այն եզրահանգման, որ ինչ էլ լիներ, այսպես պիտի լիներ։Իսկ պաշտոնաթող նախագահների չկայացած այցի մասով էլ, վարչապետի ներկայացմամբ, իրենից կախված ամեն բան արել է, բայց իրենից անկախ պայմաններով այդ այցը չի կայացել։ Նիկոլ Փաշինյանի այս գրառումներին արդեն անդրադարձել են հանրապետության առաջին ու երկրորդ նախագահների գրասենյակները։ Մեկը հումորով, մյուսը՝ լուրջ, բայց երկուսն էլ չափազանց կոշտ։ Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:
Իսկ Վիկտոր Սողոմոնյանը մի հումորային պատմություն է հիշել՝ հարեւանի՝ լոտոյով մեքենա շահելու պատմության մասին։ «Մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարեւանը, այլ իր եղբայրը,ոչ թե լոտոյով այլ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ բնակարան, ոչ թե շահել է, այլ կրվել»։ Ահա այսպիսի հումարոյին արձագանք վարչապետի գրառումներին, որ կարող էին ահագին զվարճալի լինել, եթե այսքան տխուր չլինեին։ Իհարկե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ պատմությունը լրջագույնս ուսումնասիրվելու թացն ու չորը, ճիշտն ու սխալը վեր հանելու կարիք ունեն, դասեր քաղելու եւ առաջ շարժվելու համար։
Սա կարեւոր աշխատանք է առաջիկայի համար։ Բայց ոչ թե ֆեյսբուքյան գրառումների, այլ լրջագույն վերլուծությունների ու եզրահանգումների տեսքով, որպեսզի մոտ ապագայում, երբ սեղանի վրա կլինի բանակցային գործընթացը շարունակելու հարցը, ինչի մասին օրինակ Երևանում ակնարկել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը, ի դեպ մեզ համար շահեկան շեշտադրումներով, մենք մեր ասելիքն ու անելիքը իմանանք ու չսկսենք մի նոր կետից, որ անհասկանալի ու անընդունելի կլինի մյուսների համար։ Սա առաջիկայում։ Իսկ այսօր թերեւս այլ կարեւոր անելիքներ կան՝ ռազմագերիների, գերիների վերադարձի, փոխանակման հարցերից մինչեւ փոխանցվող ու պահվող բնակավայրերի ճշգրտում ու այդ բնակավայրերում ապրող մարդկանց աջակցություն։