Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում.
«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»։
Նախարարը նաև նշել է, որ երկարաժամկետ ծրարգրերը սահմանների բացումն է, որը լայն հնարավորություն է ընձեռելու. «Մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։

