«Երբ 2019 թվականին նախագծվում էր 2020 թվականի բյուջեն, այդ ժամանակվանից ի վեր մի քանի խնդիրների մասին եմ բարձրաձայնել, ընդ որում խորքային, այդ թվում տնտեսական պոտենցիալի: Ես հենց ձեր տաղավարում ասացի, որ նույնիսկ 4.8 տոկոս տնտեսական աճը դժվար հաղթահարելի է լինելու, քանի որ երկու տարվա ընթացքում կառավարությունը շատ ուղղություններով, այդ թվում տնտեսական, ձախողումներ է արել»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` դրա արդյունքն այն է, որ 2019 թվականին ներդրումներն էականորեն պակասեցին, տնտեսական միջավայրն էլ վատթարացավ. «Այս տարվա ապրիլին ես նորից գնահատականներ հնչեցրեցի, թե լավագույն դեպքում, եթե մեր կառավարությունն արդյունավետ է աշխատում, որքան է լինում մեր ՀՆԱ-ի կորուստը և թե ինչ թվի վրա կկանգնենք, այդ թիվը մոտավորապես 4.3 տոկոս անկումն էր, իսկ վատագույնի դեպքում` 10 տոկոս:Այսօր արդեն նոր սոցիալ-տնտեսական ցուցանիշները պետք է հրապարակվեն: Բայց ՀՆԱ-ի մասով ասեմ, որ 9 ամսվա ցուցանիշներն ունենք և այդ ընթացքում 7.1 տոկոս տնտեսական անկում ունենք, այսինքն դեռևս ոչ պատերազմակն իրավիճակում: Եթե պատերազմն էլ չլիներ, միևնույն է պանդեմիայի շրջանակներում մենք ունենալու էինք 10 տոկոս անկում, քանի որ ձախողումները բազմաթիվ էին` կապիտալ ծախսերի կրճատում, տնտեսական վատ միջավայր, քրեական գործեր տնտեսվարողների նկատմամաբ, երբ մի քանի անգամ զգուշացրել եմ, որ պետք է զգույշ լինել: Ես ընդունում եմ, որ պետք է օրինազանցների նկատմամաբ մոտեցումը կոշտ լինի, երբ խոշոր չարաշահումներ են, բայց ամեն 100 հազար դրամի չարաշահման դեպքում, երբ դու քրեական գործ ես բացում, դա սխալ է: Կարող եք տեսնել, որ այդպիսի տնտեսվարող չկա, որ այս ընթացքում գոնե մեկ անգամ հարցաքննված չլինի: Այդ իրավիճակում մենք ունեցանք տնտեսական սխալ քաղաքականություն և այս ամենին գումարվում է պատերազմը, որը փլուզում է քո տնտեսական հարաբերությունները, ստեղծում է անորոշություն»:
Արամյանը նշեց, որ 2008 թվականից մի քանի ռումբերի մասին է զգուշացրել, այդ թվում սպառողական բնույթի վարկերի աճի մասին. «Բացատրել եմ, որ ակադեմիական աշխարհում կան բազմաթիվ նմանատիպ վերլուծություններ, որոնք փաստում են, որ նմանատիպ փոփոխություններից հետո, հանրության մի զգալի հատվածի մոտ ի հայտ է գալիս ասիմետրիկ ինֆորմացիայի հիման վրա ձևավորված սպասումներ: Այսինքն, նոր ուժը խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու, պայծառ ապագա է լինելու, բայց չի բացատրում, որ իրենց աղքատությունը կամ ցածր եկամուտը հենց իրենցից է, քանի որ անարտադրողական են և գիտելիքների մակարդակն է ցածր, որովհետև շուկան պատրաստ չէ ավելի աշխատավարձ տալ, քան իրականում իրենց գիտելիքն է: Եվ լինում է այն, ինչ ունենք:Բոլորը մտածում են, որ ապագայում կյանքը մի քանի անգամ լավանալու է, քանի որ եկել է փրկիչ և նետվում են սպառման: Եվ քանի որ այդ պահին իրենց եկամուտները չեն բավականացնում, գնում են սպառողական վարկ են վերցնում»:
Մանրամասները` տեսանյութում.

