Անգամ ամենաթեժ պատերազմների ժամանակ էլ հումանիտար հրադադար տեղի է ունենում, վարչապետի կողմից ստորագրվածը հումանիտար հրադադար էր, բայց նույնացնել այդ հումանտար առաքելության համար հրադադարը Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման և նման հավակնություն ունենալ, որ ասել՝ վերջ ամբողջական լուծվել է, այստեղ է, որ մեր թեժ վեճերը տեղի են ունենում։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդմանն ասաց Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ես հնարավորություն եմ ունեցել մի խումբ այլ մասնագետների հետ հանդիպելու ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, որտեղ արտահայտել եմ իմ անհանգստությունները և ասել, որ եռակողմ հայտարարության ամեն մի կետը պահանջում է ներդիր, զարգացում, պահանջում է, որ առնվազն 4 ուղղությամբ դրանցում նյութ լինի․ նպատակների, առաջնահերթությունների, ժամակացույցի, մոնիթորինգի ձևերի վերաբերյալ և, եթե որևէ մեկը խախտում է դրանք, ապա ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվի»։
Նա ընդգծեց, որ ըստ էության՝ Ադրբեջանի պահանջներ է դրվել, Հայաստանի կողմն էլ ոչ միայն ստորագրել է այն, այլև օրվա վարչապետին թվում է, որ դրանով ավարտվել են բոլոր հարցերը, միայն թե սա ընդամենը նոր փուլի սկիզբ է։ «Որքան էլ տարօրինակ է, թեև հողերի հանձնման մասին ժամանակացույցը գրված է, սակայն գերիների ու զինվորների մարմինների հանձնման ժամանակացույց չկա»։
Նա ընդգծեց, որ վարչապետի կողմից տեղի է ունեցել հանցագործության հատկանիշներով գործողություն։ «Ես նկատի ունեմ, որ մարտեր էին ընթանում ամենատարբեր վայրերում, այդ թվում՝ այն տարածքներում, որոնք ըստ հայտարարության պետք է հանձնվեն, մի՞թե այդքան դժվար էր հասկանալ, որ պետք է պայման դրվեր, որ եթե որոշել եք, որ այլևս չկա պատերազմ, այդտեղից պետք է դուրս հանվեն մարդիկ, նրանց կյանքի իրավունքը ապահովելով պետք է դուրս բերվեն ջոկատները։ Սա հանցագործություն է, ստացվում է, որ դու պատրաստ ես հողերը հանձնել, այն դեպքում, երբ այնտեղ գտնվում են զենքը ձեռքին մարդիկ։ Այստեղ է գաղտնիքը, թե ինչու ունենք այդքան գերիներ»։
Ճշտող հարցին, թե սա նշանակում է, որ հանձնվել են հողերը, այլև այդտեղ գտնվող զինվորները՝ նա պատասախսանեց, այո, իհարկե։ «Դա պետական անվտանգության դեմ հանցագործության հատկանիշեր ունի, մարդու անձնական կյանքի դեմ՝ պետական մակարդակով հանցագործություն է, ընդ որում պետություն, որը չի ստացել որևէ փաստաթղթավորված լիազորություն Արցախի ու նրա տարածքի մասին խոսելու»։ Նա նաև նկատեց, որ իրական մոբիլիզացիա չի եղել, ճակատ են կանչվել կամավորականները, այսինքն նվիրյալները։ «Հիմա արդյո՞ք նպատակը նրանցից ազատվե՞լն էր»։
Ալավերդյանն ասաց, որ վարչապետի ստորագրությունը լեգիտիմ չէ և առոչինչ է՝ չճանաչված, բայց դե-ֆակտո կայացած պետության համար։ «Նա փաստորեն քայքայեց ոչ միայն Հայաստանի կառավարման բոլոր օղակները, այլև Արցախի։ Այստեղ կան իրապես խնդիրներ և ես համոզված եմ, որ իրավաբանների խմբերը բերելու են իրավական փաստեր և ապացուցողական ուժ ունեցող նյութեր, որոնք դա կապացուցեն։ Բայց այսօր վտանգված է այդ տարածքներում ողջ մնացածների կյանքի իրավունքը և նրանց, ովքեր գերության մեջ են։ Այդ գերիների տեսանյութերի տարածմամբ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է ռազմագերիների իրավունքները սահմանող Ժնևյան կոնվենցիան, այլ հակադրվում է միջազգային մարդասիրական իրավունքին։ Դրանք լրջագույն խախտումներ են ու միջազգային դատական ատյանների նյութ»։
Մանրամասները՝ տեսանյութում.

