Ինչպես արդեն հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Ռուսաստան: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ Մոսկվա է ուղարկվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը նախապատրաստելու նպատակով»:
Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը պատված է գաղտնիության շղարշով. այցի հնարավոր ժամկետների մասին պաշտոնապես չի հաղորդվում, ինչպես նաև պաշտոնապես չի հաղորդվում այցի նպատակը:
Մինչդեռ Հայաստանի կառավարության աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Փաշինյանը կարող է Մոսկվա այցելել դեկտեմբերի 3-ին: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 9-ին Երևանում պայմանավորվել են, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

