Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականները բողոքի ակցիա են իրականցնում:
Լրագրողների հետ զրույցում բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը նշեց, որ երկիրն ամրանում է այն ժամանակ, երբ 10 տարին մեկ չեն քանդում և նորից սկսում:
«Այն տանը, որտեղ ապրում ենք, փոխանակ փորձենք պահպանել և ավելի գեղեցիկ դարձնենք, ամեն նոր եկող դնում, ամբողջը քանդում է, փորձում է նոր տուն կառուցել. էդպես չի կարելի»,- ասաց Հակոբյանը:
Նա համոզված է, որ ինչպես Դոստոևսկին է ասում՝ անիմաստ է, նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արցունք:
«Այսօր շատերը զզվում են մեր ինքնությունից, ասում են՝ էդ ի՞նչ պարեր եք պարում, քռչոտ, գոմոտ պարեր են. իմ պարը դա է, այ քեզ բան, բա ո՞ւմ պարը պարեմ, այ, մենք սկսեցինք ուրիշի պարը պարել, ամեն ինչով ուրիշինը, ընդօրինակեցինք նրանց, էն մեկինը, էն մեկինը՝ մոռանալով, թե մենք ով ենք»,- ասաց Հակոբյանը:
Նրա համոզմամբ՝ առաջացած խնդիրները նոր չեն և սկսվել են դեռ 1918 թվականից, երբ հայը մեծ իմաստություն չունեցավ՝ պաշտպանելու 64 հազար կմ քառակուսի տարածքը և պատերազմելուց, տարածքներ կորցնելու հետո հասկացան, որ բոլշևիկների դեմ պայքարել չեն կարող:
Արտիստը նշեց, որ ռազմական գործիչ չէ, չի կարող ռազմական գնահատական տալ, սակայն գիտի՝ խաբվել ենք, ռազմի դաշտում չենք պարտվել: «Եթե իմ կոչը լսել եք, ապա գիտեք, որ իմ կոչը պարզապես կռվելու կոչ չէր, ոչ, ես շատ պարզ ասել եմ, որ պետք է Աստծուց ուժ խնդրես, որ դիմանաս այն ամենին, ինչն ի վիճակի ես փոխելու ու փոխես, բայց ամենակարևորն էլ պետք է ուզես՝ իմաստություն, որ այդ ամենն իրարից տարբերես: Ուրեմն, մենք իմաստություն չունեցանք, բայց փաստորեն մենք ուժ ունեցանք: 15 օրից ավել թուրքը ոչ մի մետր առաջ չի եկել, ուրեմն, մենք ուժեղ էինք, չէ՞, բայց էդ ուժը խնայել էր պետք, որովհետև այդ ուժը միայն ոգին չէր, այդ ուժը սնել էր պետք, այդ ուժին տիրություն անել էր պետք, ոչ թե հույսներս դնեինք 18 տարեկանի քաջության վրա, քաջաբար զոհվելու վրա, չի կարելի, մենք ավելորդ գլուխներ չունեինք ջարդելու համար: Իմաստնություն չունեցանք, պարտվել է քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել»:

