Ցավոք, ես հնարավոր համարում եմ Ադրբեջանում շքերթի կազմակերպման ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրումը, որովհետև, եթե սթափ նայենք իրավիճակին՝ չնայած մեր մեծաթիվ կորուստներին, այդուհանդերձ, Ալիևի հաղթանակն էլ բավականին վիճահարույց էր։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ «Կարծում եմ, Ալիևը կուզենա, որ այդ հաղթանակը, որը կոչված էր իր իշխանությունն ամրապնդելուն՝ հնարավորինս շքեղ ներկայացվի, իսկ շքեղ ներկայացնելու տարրերից մեկն էլ հենց ռազմագերիների ցուցարումն է, որն, իհարկե, միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Ռազմագերուն չի կարելի ենթարկել նվաստացման, իսկ հաղթողի շքերթով անցնելը հավասար է նվաստացման»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա ակնկալվող այցից կարելի՞ է որոշակի տեղաշարժ ակնկալել ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ նա ասաց, որ կարծում է՝ ի վերջո, կհաջողվի վերադարձնել գերիներին, սակայն, թերևս, ոչ այս պահին։ «Այս պահին, կարծում եմ, Փաշինյանը խնդիր ունի հստակեցնելու իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, որոնք պատերազմի ճգնաժամային իրավիճակում այլ տեսք ունեին, հիմա՝ համեմատաբար խաղաղ իրավիճակում՝ բոլորովին այլ։ Կարծում եմ՝ ինչ-որ պահի՝ ՌԴ-ն չի ցանկանա Հայաստանում տեսնել Փաշինյանին, թե այդ պահը երբ կլինի՝ քննարկելու հարց է։ Կարծիք կա, որ այդ ժամկետը դեկտեմբերի կեսերն են, կարծիք կա՝ գարունն է։ Ես կարծում եմ, որ ռազմագերիների վերադարձը կախված է նրանից, թե Փաշինյանը կամ նա, ով կփոխարինի նրանք՝ ինչ կերպ կկարողանա իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ»։

