Ես չեմ կարծում, որ մենք պատկերավոր համեմատություններով կարող ենք չափել կամ համեմատել այսօր ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային առումով՝ ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ ընդհանրապես Կովկասի շուրջ։ Մենք կարող ենք նմանություններ գտնել ամենատարբեր այլ օրինակների հետ՝ օրինակ, Աբխազիայի, Ղրիմի կամ այլ օրինակների հետ։ Բայց չեմ կարծում, որ այդ նմանությունները կամ համեմատությունները ամբողությամբ արտացոլում են այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի բռնկումից և դրանից հետո՝ ռեգիոնում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քղաքագետ Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով դիտարկումներին թե Արցախին սպասվում է Աբխազացում կամ Ղրիմի օրինակով զարգացում։
«Այդ տեսանկյունից ես կողմնակից չեմ համեմատություններ անելուն, այն որ պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով էապես աճել է Ռուսաստանի դերակատարումը և ազդեցությունը՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գործընթացների վրա՝ սա անկասկած է, բայց կրկնեմ՝ ես իրավիճակը համեմատություններով չափելու կողմնակից չեմ, քանի որ դրանք ավելի շուտ պատկերավոր եզրահանգումների են բերում և կրում ավելի խորքային գործընթացները գնահատելիս»։
Նրա դիտարկմամբ՝ Աբխազիան բոլորովին այլ պատմություն է, Ղրիմը՝ բոլորովին այլ, ցանկացած այլ օրինակ, որ ներկայացնեն Ռուսասատանի կամ որևէ այլ երկրի ազդեցության տիրույթից՝ բացարձակապես այլ օրինակներ են։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արցախը Ադրբեջանի մաս լինելու մասին հայտարարությանը՝ նա ընդգծեց, որ Պուտինը նշեց, որ կարգավիճակի հարցը բաց է։ «Ադրբեջանի մաս լինելու առումով ակնարկը, կարծում եմ, այլ բովանդակություն էր պարունակում, որովհետև, եթե նույն Ադրբեջանի մաս լինելու առումով այլ տողատակ էր պարունակում, քանի որ եթե նույն Պուտինի ձևակերպման բովանդակությամբ դատենք, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ռազմական ներկայություն է հաստատում՝ այժմ խաղաղապահ կոնտինգենտի ձևաչափով, բայց, անկասկած, ռազմական ներկայություն է հաստատում Ադրբեջանի մասում։ Կրկնեմ, եթե չափենք Պուտինի գնահատականով։ Այս առումով Պուտինի հայտարարությունը մի շարք շերտեր էր պարունակում՝ ուղղված Հայաստանի քաղաքական դերակատարներին, ուղղված Ադրբեջանին, Թուրքիային և Մինսկի խմբի մյուս համանախագահներին, և այս առումով, կարծում եմ, այդ հայտարարությանը ուղիղ իմաստով հասկանալ պետք չէ»։

