Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն մի քանի օր է բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների հարազատները: Նրանք ՊՆ-ից պահանջում են, որպեսզի իրենց հստակ պատասխան տրվի, թե իրենց երեխաները երբ և ինչ կարգով են դուրս բերվելու Արցախից:
ArmDaily.am–ին ահազանգած Հեղինեն նշեց, որ ինքը սպայի կին է և միանում է զինծառայողների հարազատների կոչին.«Նույն պահանջը, որ հիմա զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց բարձրացնում են, նույն պահանջն էլ մերն է, ուղղակի այս պահին չեմ կարողանում միանալ նրանց, քանի որ անչափահաս բալիկներ ունեմ , չեմ կարող թողնել մենակ: Ուզում եմ իրենք իմանան, որ սպայի կանայք էլ են իրենց կողքին ու նույն պահանջն ենք ներկայացնում` հայկական զորքի դուրս բերում: Եթե պայմանագրի մեջ կա կետ, ինչի չեն անում: Բոլոր կետերն անում են, բացի գերիների փոխանակումից ու հայկական կողմի դուրս բերումից: Թող հստակ ժամկետ ասեն: Ամուսինս էլ իր վերադասին հարցնում է, բացարձակ ոչ մեկ, ոչինչ չգիտի, զոմբիացած նայում են մարդկանց երեսին` ասում բան չգիտենք: Կոնկրետ ամուսինս ծառայում է Մարտակերտում, էնտեղից են մեզ զանգում, ինչ-որ նորություն հարցնում»:
Հեղինեն նշում է, որ այնտեղ պայմաններն էլ անմարդկային են.«Դվիժոկների տակ են , առանց տաքության, մեկ-մեկ վառարաններ են վառում:Մեր բարեկամի որդին Մարտունու զորամասում է, երեկ ենք խոսել հետը, ասում է գոմում են մնում: Այդ էրեխեն Ջաբրաիլում է ծառայել, նորակոչիկ, մազից փրկվել է, հիմա տարել են Մարտունի ու հիմա էլ էդ վիճակում են , քանի որ տեղ չունեն պահելու: Կես զորքին հանել են դիրքեր, ինչի համար, եթե Մարտակերտին մոտիկ կպած գյուղը տվել են, հիմա արդեն քաղաքի պաշտպանությունն անիմաստ է: Բայց դա էլ մի կողմ: Ինչի մինչև ամսի 1-ը հայկական զորքին չեն հանում այնտեղից, ինչ նպատակ է հետապնդում: Եթե դեկտեմբերի 1-ին Բերձորը տալու է, ինչպես է էրեխեքին ապահով հանելու: Էլ չեմ ասում, որ 44 օր շարունակ մեր ողջ մնացած սպաները քայլող լեգենդներ են, բայց իրենց մասին բացարձակ չի հիշատակվում: Դեռ մի բան էլ խոսակցություն կա, որ Արցախի ՊԲ-ն աշխատավարձը քիչ է տալու, քանի որ պետբյուջեն չի հերիքում, ինչի համար, հենց սպայի համար է այդ գումարները չեն հերիքում:Իմ ամուսինն արդեն քանի օր է իր երեխաներին չի տեսել, բայց իր զինվորների կողքին կանգնած է: Իրենք էլ են հիասթափված ու ասում են` եթե հստակ պատասխան չտվեցին, բոլորն էլ զեկուցագրեր կգրեն ու դուրս կգան էնտեղից»:

