Այսօր Կառավարության դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիա էին իրականցնում: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, թե նա չի տիրապետում իրավիճակին.«Փաշինյանին ասացի՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Փաշինյանն ունակ է խոսքերը փոխել և իրավիճակը լպրծուն պատասխաններով լղոզել: Ասացինք՝ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային ծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու, ուրիշ բան մեզ պետք չէ: Պաշտպանության նախարարությունը և Դուք՝ որպես գերագույն հրամանատար, մոռացել եք զինվորներին: Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ: Սա պատասխա՞ն է: Այս բառերից հետո գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց, բայց ինչ է՝ մենք մահճակալի՞ խնդիր ենք դնում: Նրանց առողջությունը քայքայվում է, ամբողջ խնդիրն այն է, որ քնում են գետնին, դիակների կողքին: Մեզ փորձեց հավաստիացնել, որ կարճ ժամանակում կեցության հարցերը կլուծվեն: Ես ասացի՝ չեմ հավատում»:
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ երեկ հինգ ծնողներով հանդիպել են Փաշինյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները նրանց չեն բավարարել: «Փաշինյանը խնդրել էր՝ երկու օր ժամանակ տանք նրան պատասխանի համար, բայց բանակցող ծնողները դուրս էին եկել այն համոզմամբ, որ պատասխանը բացասական է լինելու, այդ պատճառով այսօր նորից հավաքվել ենք և պետք է հասնենք մեր արդար պահանջի բավարարմանը, որովհետև այլընտրանք չենք տեսնում»:

