Ինչպես գիտենք, ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։ Վահան Քերոբյանը գործարար է, Menu.am-ի հիմնադիրը։
Քերոբյանը եղել է նաև «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենը։ Նա ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականից, իսկ 2012թ-ի օգոստոսի 2-ին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ «ՍԹԱՐ»-ը Հայաստանի տարածքում գործող խոշորագույն առևտրային ցանցերից մեկն էր: 2011թ. սեպտեմբերին ընկերությունը ձեռք էր բերել «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և «Քեթրին» խանութները: 2013թ-ի ամռանը «Սթար Դիվայդը» սնանկ էր ճանաչվել, իսկ դեկտեմբերին Հայաստանի երբեմնի խոշորագույն ռիթեյլերը`«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն, վերջնականապես դադարեցրել է իր առևտրային գործունեությունը: Գործունեության դադարից հետո 200-ից ավելի մատակարարների` միլիոններն անցնող պարտքերը «Սթարը» չէր վճարել։ «Սթարի» դեմ պահանջ էր ներկայացրել 155-ից ավելի պարտապան ընկերություն:
Հենց 2012թ-ին Քերոբյանը հիմնում է Menu.am-ը։ Վերջինս հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ինքն իրեն համարում է ընկերության գլխավոր առաքիչը։ Քերոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ շատ հաճախ է առաքումներ անում. «Ես առաքել եմ՝ Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում և համարում եմ, որ դա իմ գործի ամենակարևոր մասերից մեկն է, քանի որ փողոցում հասկանում ես բոլոր խնդիրները»։
Նրա խոսքով ամենամեծ թեյավճարը menu.am-ին առաքիչներից մեկին տվել է Արթուր Աբրահամը՝ 25 հազար դրամ։

