Ի դեպ. Սոթքի շուրջ զարգացումների մասին
Ի դեպԻ դեպ, դեռ չէինք մարսել ու վստահաբար չենք էլ մարսի Արցախի սահմանագծին տեղադրված «Բարի գալուստ ազատ Արցախ» ցուցանակի ապամոնտաժումն ու դրա փոխարեն կարմիր դարպասների հայտնվելու իրողությունը, երբ պարզվեց, որ սա դեռ վերջը չէ։ Նախօրեին համացանցում կայծակնային արագությամբ տարածվեցին լուրերն այն մասին, որ ազերի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել դուրս գալու համար: Վարչապետի մամուլի խոսնակը կտրականապես հերքեց տարածված լուրերը, հայտարարեց, թե «Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ», սակայն լուրերը նույն համառությամբ շարունակում էին շրջանառվել։ Բարձրացած աղմուկն այնքան մեծ էր, որ հարկ եղավ ուշ երեկոյան կազմակերպել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը։
Տիրան Խաչատրյանը պարզաբանեց, որ Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասն ադրբեջանցիները չեն կոտրել։ Բայց բացել են։ Լրագրողներից մեկի ճշգրտող հարցին` թե արդյո՞ք Սոթքի հանքի այն հատվածը, որտեղ այսօր հայտնվել էին ադրբեջանցիները, ըստ եռակողմ հայտարարության պետք է անցնի ադրբեջանական կողմին, Տիրան Խաչատրյանը պատասխանեց, որ, այո, ըստ այդ հայտարարության` հայկական կողմը այդտեղ չպետք է լինի, քանի որ հանքը կիսով չափ Հայաստանի, կիսով չափ Ադրբեջանի տարածքում է՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզագրման սահմանների։ Ադրբեջանական կողմին բնավ հետաքրքիր չէ, որ ԽՍՀՄ ներքին սահմանները պետական չէին, այլ վարչական, իսկ Սոտքը միշտ էլ համարվել է Հայկական ԽՍՀ տարածք ու հանքն էլ շահագործել է հայկական ընկերության կողմից։ Ադրբեջանին հետաքրքրում է ստեղծված իրավիճակում առավելագույնը քաղելու եւ ինչքան հնարավոր է Հայաստանի տարածքում խորանալու համար: Սա Հայաստանում ընկալվեց որպես շարունակվող պարտություն, իր հոգեբանական ազդեցությամբ, խորացող հիասթափությամբ ու խուճապային տրամադրություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձեց ցրել այդ տրամադրությունները, հայտարարելով, թե այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է, որ Սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք-չուզենք այն պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների ներկայությամբ ու պետք չէ խուճապ տարածել։ Ի դեպ, վարչապետը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վստահաբար Սոթքի հարցն էլ են քննարկել ու ենթադրաբար այս հարցի լուծումը գտնվել է՝ հաշվի առնելով կողմերի շահերը. Սոթքի տարածքի կեսը Հայաստանին, կեսը Ադրբեջանին, հասույթն էլ՝ հանքը շահագործող ռուսական ընկերությանը։ Ավելի պատկերավոր ասած՝ «ինձ արմատը հողումը, քեզ՝ տերեւն ու ցողունը»։