Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դերասան Հրանտ Թոխատյանի և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով զբաղվել հայ ռազմագերիների հարցով։
Հրանտ Թոխատյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հավաքը մեր հերոսաբար զոհված տղաների դիերի ու մեր գերիների վերադարձի պահանջով է. «Ուրիշ թեմա այսօր չկա, հրատապը դա է։ Ես կարծում եմ, որ ինչպես միշտ, մեզ այսօր էլ չի հերիքում ընդհանուր համախմբումը։ պետք է փորձենք այն ինչ ունենք, դա պահենք։ Դա է այսօր հեռանկարը։ Թե կուսակցությունները, քաղաքական գործիչներն ինչ են անում, ես չգիտեմ, ես քաղաքականությամբ զբաղվող չեմ։ Շատ հրատապ հարցեր ունենք լուծելու։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ձայնը հասցնենք տարբեր միջազգային կառույցներին, որոնք այս հարցերով զբաղվում են»։
Դիտարկմանը, թե այդ հրատապ հարցերը լուծելու համար այս իշխանություններն ունակ են, կարող են, Թոխատյանը նշեց. «Եթե կարողանային, հիմա երևի թե լուծած կլինեին կամ միգուցե լուծման ճանապարհին կան բարդություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց այդ դեպքում էլ կարելի էր ինչ-որ կերպ բացատրել, որ զբաղվում ենք, անում ենք։ Եթե զբաղվում, անում են ու դա քիչ է, մենք մեր օգնությունն ենք առաջարկում, քանի որ կարծում ենք, որ մեր ձայնն ավելորդ չի լինի տվյալ գործընթացի մեջ»։
Երեկ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, որ մենք պարտվել ենք ռազմադաշտում, այլ ոչ թե դիվանագիտության մեջ։ Հրանտ Թոխատյանն այն անձանցից է, ով պատերազմի առաջին օրերից մեկնեց Արցախ։ Հարցին՝ արդյոք համամիտ է նախարարի կարծիքի հետ, նա նշեց. «Ես չեմ եղել առաջնագծում, ես եղել եմ այն մարդկանց թվում, որոնք կոչվում են օգնող-մատակարարող։ Այ դրանով եմ ես զբաղվել իմ շատ ընկերների հետ, բայց որքանով որ եղել են հանդիպումներ մեր զինվորների հետ, գիտեք այն ոգին, աչքերի այն կրակը, որ կար տղաների մոտ, դրան միայն կարելի էր ասել՝ բրավո։ Մարդիկ գիտեին, որ զոհվում են հայրենիքի համար։ Թե հիմա ինչպես են իրենց պահել իրենց հրամանատարները, ես չեմ կարող ասել, էնտեղ չեմ եղել։ Դրա գնահատականը կարող են տալ կռվողները կամ արդեն գերագույն հրամանատարը։ Թե ինչ է կատարվել դիվանագիտական դաշտում, դրա մասին էլ ես կդժվարանամ ասել, քանի որ ես չեմ եղել, չգիտեմ, թե ինչպես են բանակցել, ինչպիսի պայմանավորվածություններ ունեն, որ եկանք, հասանք էս օրին։ Չի կարող դիվանագիտական դաշտում ամեն ինչ շատ լավ լինել, իսկ ռազմի դաշտում պարտվեն։ Էդպես չի լինում»։

