Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հատուցման իրավունք ունեցող շահառուներին։
Հատուցում ստանալու իրավունք ունեն մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ դատարանի որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը, I կամ II կարգի հաշմանդամության դեպքում տվյալ զինծառայողը։
Ընդհանուր այս կարգավորումից կան նաև բացառություններ։ Այսպես, հատուցման պահանջ կարող է ներկայացնել նաև զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քույրը և եղբայրը, եթե ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում։
Այս փուլում հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հատուցման իրավունք ունեցող շահառուներին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։

