Իմ տպավորությամբ՝ Խորհրդային տարիների քարտեզագրմամբ Սոթքի հանքավայրը չէր կարող լինել Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Համաձայն 1989-ից հետո հրապարակված քարտեզների՝ ակնհայտ է, որ տվյալ տարածքը ադբեջանական ԽՍՀ-ի մեջ չի տեղավորվում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Որքանով տեղյակ եմ, խորհրդային տարիներին նույնպես հանքը շահագործվել է ՀԽՍՀ արդյունահանողների կողմից»։
Հարցին՝ եթե մենք ընդունում ենք, որ անկախացել ենք Խորհրդային Միության տարածքներում, ապա սա ՀՀ-ի տարածքների նկատմամբ ոտնձգությո՞ւն չէ, նա պատասխանեց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ այո, ենթադրում եմ, որ այդպես է։ «Սակայն որպես իրավաբան, ես կուզեի բարձրաձայնել սրա իրավական և ֆինանսական հետևանքների մասին։ Մենք թշնամուն տվել ենք լիարժեք իրավական հիմքեր, որպեսզի պահանջի մոտ 30 տարվա ընթացքում Սոթքի հանքավայրի կողմից պետական բյուջե վճարված գումարների չափով փոխհատուցում։ Իրավական հիմքի տեսակետից, փաստորեն, մենք անհեռատեսությամբ տվել ենք նման հնարավորություն»։
Նրա դիտարկմամբ՝ խնդիրները, որ առկա են ՀՀ սահմաների հետ կապված, կարծում եմ, բոլորիս էլ պարզ է, որ դրանք իրավական խնդիրներ չեն, եթե անգամ տեղավորվում են իրավական հարթությունում, ապա միայն մասամբ։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ բնագծեր կամ սահմանազատումներ կան։ Լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը հրապարակվեին, որպեսզի Սոթքի բնակիչը հասկանար, որ 10 րոպե հետո մտնելու են իր տարածք, ոչ թե հանկարծակի գային ու մարդիկ պանիկայի մեջ ընկնեին։ Որպեսզի Սյունիքի բնակիչը վաղը հասկանա, թե ինչպես է կարգավորվելու, օրինակ, Թասի ոլորանների հարցը։ Ի սկզբանե՝ պետք է մարդկանց այս ամենի մասին ասվի, որպեսզի մարդիկ հասկանան, այլ ոչ թե ներքին պայմանավորվածություններով գան ու մարդկանց փաստի առաջ կանգնացնեն»։
Փաստաբանի դիտարկմամբ՝ եթե նշված պայմանագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Սովետական Ադրբեջանի պատկանելիության անկլավների վերադարձի հարցերի վերաբերյալ՝ սա իսկապես դառնալու է խայտառակություն, ավելին՝ Հայաստանի Հյուսիս-Հարավ երթևեկությունը անհնար է դառնալու։ «Ովքեր խոսում են տարածաշրջանում Ադրբեջանի հետ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ սա ընդամենը մի պարզ երազանք է, անգամ ավագ սերնդի ներկայացուցիչները կասեն, որ դեռ սովետական տարիներին դեպի Թբիլիսի երթևեկելն էր բավականին վտանգավոր, այն դեպքում, երբ բնակվում էինք մեկ միասնական պետության սահմաններում։ Հետևաբար, ես առավել քան վստահ եմ, որ ոմանց այդ պատրանքը որևէ իրական հիմքեր չունի, հետևաբար կոմունիկացիաների ագելափակում- արգելաբացում՝ որևէ փոփոխության սա չի բերելու, իսկ եթե անկլավների հարցն էլ նշված կարգավորումների շրջանակում է։ Մնացածը՝ ես կարծում եմ, որ հասարակությանն առնվազն պետք է ասվի, թե սահմանի, որ հատվածում՝ ինչ է սպասվում, որպեսզի մարդիկ անակնկալի չգան»։
Դիտարկմանը, թե եթե ադրբեջանական անկլավների հարց ևս կարգավորվում է այս փաստաթղթով, սա չի՞ նշանակում, որ Արծվաշենն էլ պետք է վերադարձվի Հայաստանին՝ նա պատասխանեց, որ տրամաբանական կլիներ, սակայն կա մի պարզ կանոն, որ պարտված կողմը ոչինչ պահանջելու իրավունք չունի։ «Իհարկե, սա չգրված կանոն է, սակայն հիմա դժվար է ասել, թե ինչպիսի կարգավորումներ կան և ինչպիսի համարձակությամբ են մերոնք մոտեցել այս կարգավորումներին, թեև ենթատեքստում պարզ է, թե համարձակությունն ինչ բնույթ ունի»։
Անդրադառնալով հայտարարության տեքստով գերիների հանձնման ժամանակացույցի բացակայությանը՝ նա ընդգծեց, որ գերիների հանձնման վերաբերյալ համաձայնության 8-րդ կետը մինչ այս պահը մնում է անկատար, իսկ մենք՝ նկատի ունեմ, մեր իշխանությունը շատ բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները՝ ըստ հերթականության հանձնելով տարածքները։ «Հետևաբար, ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու պարզ չէ, թե ինչն է պատճառը, երբ հակառակորդը չի կատարում ընդամենը մեկ պարտականություն, որ նախատեսված է 8-րդ կետով՝ գերիների վերադարձը, իսկ մենք այդքան բարեխղճությամբ կատարում ենք մեր բոլոր պարտականությունները և, ի վերջո, ով է սրա պատասխանը տալու։ Ես չեմ կարող ասել, թե այստեղ ՌԴ-ի դերակատարումը ինչպիսին է այդ հարցում, բայց կարծում եմ, որ մենք ինքներս պետք է նման հարցերում նախաձեռնողական լինեինք և միայն հուսալ, որ ՌԴ-ն այս կամ այն հարցում որևէ կերպ մեզ կօգնի, որևէ կերպ փաստարկված չի կարող լինել»։

