Ուզում են մանրամասն նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Արցախում և նրա շուրջ։ Այս մասին այսօր հեռուստաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության և նրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ, չեմ ուզում կրկնել նախկինում ասվածը, բայց պետք է հաստատեմ համոզմունքս, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետև ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը։ Այլ խնդիր է, թե մենք ինչու հասանք նման կետի, ինչպես հասանք, ինչ հանգամանքներում և ժամկետում հասնաք, որտեղից մեկնարկեց այդ կետը, ինչ զարգացում ստացավ, ինչ հանգրվաններ ստացավ, սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան և ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն, բայց դա մանրամասն և տևական աշխատանք է, բայց մենք այսօր ունենք հրատապ և անհետաձգելի հարցեր։ Այդ հարցերից կարևորը Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելն է և դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չլինի՝ նոյեմբերի 9-ի համաձայնությունները իրագործելն է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկում են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո, ապա ինչ սցենար են նկարագրում դրանից հետո և ինչ հետևանքների կբերի այդ սցենարը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այն ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է. «Այդ գործընթացը ենթադրում է նաև, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես ՀՀ ԶՈՒ-երը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով։ Ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածում, ընդ որում այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով և ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանում, կիսով չափ՝ Խարհրդային Ադրբեջանի տարածքում»։
Փաշինյանի խոսքով սահմանազատումը բարդ գործընթաց է և անկախ մեր կամքից պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների այլ նաև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել, բայց մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա թույլ չի տալու»։

