Համացանցում արդեն երկրորդ օրն է՝ Բերձորի բնակիչները աղաղակում են, որ իրենց հրամայված է մինչև նոյեմբերի 30-ը լքել տները։ Սա նշանակում է, որ Ստեփանակերտը ու հարակից գյուղերի բնակիչները հայտնվում են պատանդի կարգավիճակում։ Ավելին, հրադադարի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող 5 կմ ճանապարհը, որոշ տվյալներով՝ նվազելու է մինչև 8 մետրի։ Մինչդեռ, կառավարության հրապարակած Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում Բերձորը չկա։ Ավելին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 11-ին Քաշաթաղի բնակիչներին խնդրում էր ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքն իրենց տներից:
Որ Բերձորը հայկական է մնալու՝ նաև դեռ նոյեմբերի 16-ին ArmDaily.am-ի հետ զրույցում նաև Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն էր ասել։
Մենք փորձեցինք Բերձորի հանձնման մասին տեղեկությունը ճշտել Արցախի պետական պաշտոնյաներից ու նրանց մամուլի խոսնակներից։ Դավիթ Բաբայանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, ասաց, որ պետք է կապվել Վահրամ Պողոսյանի հետ։ Սակայն Պողոսյանն արդեն մի քանի շաբաթ է՝ չի պատասխանում հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների, մեր այսօրվա հարցերն էլ մնացին անպատասխան։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Քաշաթաղի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների հետ, Արցախի պետքարտուղարի՝ լրատվամիջոցների հետ կապերի հարցերով պատասխանատուի հետ։ Միակ անձն, ում հետ հնարավոր եղավ կապ հաստատել, ԱԳՆ մամուլի խոսնակ Արտակ Ներսիսյանն էր, ով ասաց, որ ինքն էլ սոցիալական ցանցերից է տեղեկացել, որ նման ժամկետ է տրված մարդկանց, սակայն որևէ հստակ տեղեկություն ինքն էլ չունի։
«ԱԳՆ-ն որևէ կերպ ներգրավված չէ ժամկետների համապասխանելության վերաբերյալ գործընթացներում, ես նույնպես կրկին կփորձեմ ճշտել տեղեկատվության իսկությունը»։
Նա նաև ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախում կապը չափազանց վատ է ու սա է պատճառը, որ շատերը չեն կարողանում պատասխանել։ «Ղարաբաղ Տելեկոմի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, անգամ Արցախում իրար հետ կապ հաստատելը բավական բարդացել է»։
Ավելի ուշ Ներսիսյան ասաց, որ ինքն էլ չի հաջողել կապ հաստատել նախագահի մամլո խոսնակի, Քաշաթաղի համայնքապետարանի հետ ու որևէ նորություն ճշտել չի հաջողել։ «Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ ժամկետների հետ կապված մտահոգիչ բան կա»։
Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Չարեքտար գյուղը, որը ներառված է համացանցում տարածված ադրբեջանցիներին հանձնվող բնակավայրերի ցանկում՝ իրականում չի հանձնվելու թշնամուն։ Մինչդեռ, գյուղի բնակիչները ցուցակը տեսնելուց հետո սկսել են պատրաստվել տեղահանման, վառել իրենց տները, կառուցվող դպրոցի կտուրը ապամոնտաժել և այլն։ Տպավորություն է, որ Արցախում հիմա կատարյալ քաոս է, բավական չէ, որ առհասարակ չեն աջակցում քաղաքացիներին իրերը տեղափոխելու հարցում, անգամ որևէ հստակ պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որն է հանձնվելու, որը՝ ոչ։
Ավելին՝ Հայաստանում միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից են տեղեկանում, որ Ստեփանակերտում վերականգնվել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, ջրամատակարարումն ու էներգամատակարումը։ Թերեւս գյուղերի հանձնման, դիրքերի ճշգրտման հարցերով եւս պետք է դիմել ՌԴ-ին։

