Գեղամասար համայնքի 18 գյուղից 13-ը սահմանին կից է, բայց չգիտեմ, թե այդ գյուղերից որը պետությունը կհամարի սահմանապահ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա նշեց, որ այս պահին սահմանների անվտանգությունը ապահովում է Պաշտպանության նախարարությունը։
Դիտարկմանը, որ նշված հատվածում մինչ այժմ պաշտպանական ենթակառուցվածքներ չենք ունեցել և այժմ ակնհայտ անվտանգային խնդիրներ են ի հայտ եկել՝ Ավետյանն արձագանքեց. «Միանշանակ անվտանգ չէ, եթե այն ժամանակ մեր գյուղերը մինչև Ադրբեջանին հասնելը կար Արցախ, իսկ հիմա եթե ադրբեջանցիները ուզեն հասնեն մեր գյուղերը, ոտքով մեր գյուղ հասնելը կարող է տևել կես ժամ։ Ավելի զգոն պետք է լինի թե բանակը, թե բնակիչները»։
Հարցին՝ համայնքում՝ բնակիչների շրջանում անհանգստություններ կա՞ն՝ համայնքի ղեկավարը նշեց. «Մենք աշխատում ենք այնպես անել, որ խուճապ չառաջանա, որ բնակիչները զգան, որ անվտանգ կլինի, մեր բանակն ամուր կանգնած է։ Եթե խուճապ առաջանա շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել՝ արտագաղթ կառաջանա, արդեն նույնիսկ մարդիկ կվախենան իրենց տնտեսությամբ զբաղվեն, ոնց որ ամեն պահի պատրաստ են լինում փախնելու, մենք աշխատում ենք դա վերացնենք, մարդիկ իմանան, որ կարող են հանգիստ ապրել»։
Նշենք, որ Գեղամասար համայնքը ունի ավելի քան 8000 վնակիչ։

